ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հանձնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը

Հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը: Հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հակամարտությունը:

Մարտի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ընդունել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, դեսպանը գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով, և նշել, որ հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:

Դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով:

Զոհրաբ Մնացականյանը Բան Կի Մունին նաև տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 LIVES նախաձեռնության շրջանակում մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին:

Քննարկվել է ԼՂ հակամարտությունը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է ՄԱԿ-ի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարևորությունը, մասնավորապես` շփման գծից դիպուկահարների հետքաշման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների առաջարկները:

Դեսպան Մնացականյանը մտահոգություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ համանախագահների կողմից առաջարկվող այս միջոցները շարունակում են մերժված լինել Ադրբեջանի կողմից` ընդգծելով միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել հունվարի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարությանը և դրա մեջ տեղ գտած հասցեական կոչերին:

Մեկնաբանել