New York Times-ն անդրադարձել է հայերի ծագմանը՝ հաստատելով Խորենացուն

M. KhorenatsiNew York Times-ում լույս է տեսել հոդված, որն անդրադառնում է հայերի ծագմանը՝ վկայակոչելով վերջերս անցկացված գենետիկ հետազոտությունը: Պարզվել է, որ հայերն իրենց գենետիկ ծագման 29 տոկոսով համապատասխանում են Էցիին [նախնադարյան մարդու սառցե մումիա – ՍիվիլՆեթ]՝ մարդ, որի 5 300 տարեկան մումիան հայտնաբերվել է 1991թ. ալպյան հալչող սառույցներում: Հոդվածը որոշ կրճատումներով թարգամանաբար ներկայացված է ստորև:

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրել է, որ իր հայրենի Հայաստանը հիմնադրվել է մ.թ.ա. 2492թ.՝ տարեթիվ, որը սովորաբար առասպելական է համարվում, չնայած՝ պատմիչը պնդում է, որ եղել է Բաբելոնում և ուսումնասիրել հնագույն արձանագրություններ: Հաջող կանխագուշակո՞ւմ էր դա, թե՞ իսկապես օգտակար տվյալների մատչում ստանալու արդյունք, սակայն նոր գենոմային վերլուծության համաձայն՝ Խորենացու առաջ քաշած տարեթիվը չափազանց հավանական է:

Գենետիկները ուսումնասիրել են Հայաստանից և Լիբանանից 173 հայի գենոմներ և դրանք համեմատել աշխարհի 78 այլ ժողովուրդների գենոմների հետ: Պարզվել է, որ հայերը հնագույն ժողովուրդների խառնուրդ են, որոնց հետնորդներն այսօր ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում և մի քանի այլ տարածաշրջաններում: Գենետիկների հաշվարկներով՝ ձևավորված այս խառնուրդը սկիզբ է առել մ.թ.ա. 3000-2000 թթ., ինչը համընկնում է Մովսես Խորենացու՝ Հայաստանի հիմնադրման տարեթվի հետ:

Բրոնզե դարաշրջանի վերջում, երբ խառնուրդի ձևավորումը դեռ ընթացքում էր, տեղի է ունեցել ժողովուրդների նշանակալի տեղաշարժ, որը արդյունք էր աշխույժ առևտրի, պատերազմների և բնակչության թվի աճի:

Մ.թ.ա. 1200թ. հետո Բրոնզե դարաշրջանի Միջերկրական ծովի արևելյան շրջանի քաղաքակրթությունները հանկարծակի անկում են ապրել՝ երևույթ, որը թվում է՝ հանգեցրել է այլ ժողովուրդներից հայերի մեկուսացմանը: Այդ ժամանակահատվածից հետո հայերի գենոմներում որևէ նշանակալի խառնուրդ չի հայտնաբերվել:

Հայերն ունեն առանձնահատուկ լեզու և այբուբեն, իսկ Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեության առաջին ճյուղն էր, որը մ.թ. 301թ. հռչակվել է որպես պետական կրոն՝ առաջ անցնելով Հռոմեական կայսրությունից, որը քրիստոնեությունը պետական կրոն է հռչակել մ.թ. 380թ.:

Հետազոտողները նաև հայտնաբերել են գենետիկ տարբերություն, որը ծագել է մոտ 500 տարի առաջ արևելյան և արևմտյան հայերի միջև: Ժամանակահատվածը համապատասխանում է Օսմանյան և Սեֆյան արքայատների միջև պատերազմական գործողությունների և հայ ժողովրդի՝ թուրքական և պարսկական կայսրությունների միջև բաժանման շրջանին:

«ԴՆԹ-ի այս ուսումնասիրությունը հիմնականում հաստատում է հայոց պատմության մասին մեր գիտելիքների մեծ մասը»,- ասում է պատմաբան Հովհան Սիմոնյանը, որն աշխատում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետ:

Մարկ Հաբերի և Քրիս Թայլեր-Սմիթի գլխավորած գենետիկների թիմը հայերի նման երկար ժամանակ մեկուսացած ժողովուրդներին դիտարկում է որպես ժողովուրդների պատմությունը վերակառուցելու միջոց:

Հայերն իրենց գենետիկ ծագման 29 տոկոսով համապատասխանում են Էցիին [նախնադարյան մարդու սառցե մումիա – ՍիվիլՆեթ]՝ մարդ, որի 5 300 տարեկան մումիան հայտնաբերվել է 1991թ. ալպյան հալչող սառույցներում: Մերձավոր Արևելքի՝ գենետիկորեն մեկուսացած այլ ժողովուրդներ, ինչպես օրինակ՝ կիպրացիները, սեֆարդի հրեաներն ու Լիբանանի քրիստոնյաները, նույնպես ծագումնաբանական մեծ ընդհանրություն ունեն «Սառցե մարդու» հետ, մինչդեռ մյուս մերձավորարևելցիները, ինչպես օրինակ՝ թուրքերը, սիրիացիները և պաղեստինցիները՝ ավելի քիչ:

Դա նշանակում է, որ հայերն ու մեկուսացած մյուս ժողովուրդները մեր օրերի մերձավորարևելցիներից ավելի մոտ են նեոլիթյան շրջանի հողագործներին, որոնք մոտ ութ հազար տարի առաջ Եվրոպա բերեցին գյուղատնտեսությունը:

Գենետիկների ուսումնասիրությունը անցյալ ամիս հրապարակվել է bioRxiv-ում՝ թվային գրադարան, որում գիտական հոդվածները հրապարակվում են ամսագրերում լույս տեսնելուց առաջ:

Մեկնաբանել