Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԲՀԿ ներկայացուցիչների հետ

9971ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում մարտի 12-ին հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ:

Ինչպես հաղորդում են նախագահի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի տարածած հաղորդագրությունում ասված է, որ կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրականփոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Վահան Բաբայանը նշեց, որ «ԲՀԿ-ի հայտնած դիրքորոշումը հանրությանը հայտնի է, և այս պահի դրությամբ սահմանադրական բարեփոխումների շուրջ նախագահի հետ քննարկումները շարունակվում են»` հավելելով, որ այլ մանրամասներ լիազորված չէ հաղորդել:

Մինչև փետրվարի 12-ը ԲՀԿ-ն բազմիցս հայտարարել էր, որ չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների գործընթացը` նշելով, որ այն հետապնդում է միայն  մեկ` իշխանության վերարտադրության նպատակ:

Մարտի 12-ին` ավելի վաղ, Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպմանը քննարկվել էին սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր, հաղորդել էր նախագահականը:

Մինչ այդ հանդիպում էր կայացել Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Այսօր առավոտյան նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանը մարտի 13-ից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Նա նաև ասել էր, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Հայաստանի քաղաքական ուժերի հետ:

***

2014թ. ապրիլի 10-ին հրապարակվել էր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Հայեցակարգը ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հաստատել էր 2014թ. հոկտեմբերի 14-ին, որը հոկտեմբերի 15-ին ներկայացվել էր նախագահ Սերժ Սարգսյանին և հրապարակվել արդարադատության նախարարության կայքում:

Ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», դեմ էին սահմանադրական փոփոխություններին և այդ գործընթացը որակում էին որպես «իշխանության վերարտադրման փորձ»:

Մարտի 5-ին Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրվելու է հանրաքվեի: