Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

EuroParlԵվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կոչ է անում Եվրամիության անդամ բոլոր պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ խրախուսելով ԵՄ ինստիտուտներին նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի մարտի 12-ին ընդունած մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013թ. զեկույցում:

Փաստաթղթի ընդունումը ողջունել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Վերջինիս ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ինչպես աված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում, նշել է, որ «երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում»:

Զեկույցը մարդու իրավունքների խնդիրը դիտարկել է է ԵՄ գործընկերների հետ հարաբերությունների համատեքստում:

«Գործնականում սա նշանակում է, որ Եվրախորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները,- մեկնաբանում է պարոն Լորենցո Օչոան:

Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես՝ Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելադավան հայերին: Այս պարբերություններով Եվրախորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելադավան հայերը, ղպտիները, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբավորումների կողմից»:

Մեկնաբանել