Բուդաղյանների հայրը դիմել է Եվրադատարան

UntitledՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով` դիմումով պահանջվում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտումը: Խոսքը մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի (արդար դատաքննության իրավունք, անմեղության կանխավարկած) և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) մասին է:

***

2013թ. հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ նրա եղբայրը` պաշտպանության բանակի զորամասի հրամանատար, գնդապետ, 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սպանության փաստով ձերբակալվել էին Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանքներ էին առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար: Սակայն դեպքից երեք ամիս անց Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանն ազատ արձակվեցին:

Ներկայում Սյունիքի մարզի դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի գործը. նա մեղադրվում է սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

Իր տան դիմաց հնչած կրակոցներից հետո` 2013թ. հունիսի 6-ին, Սուրիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնից: Կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ նա կրկին նշանակվեց այդ պաշտոնում: