Եվրատեսիլի հայ մասնակիցները ներկայացրին իրենց երգը

Մարտի 12-ին տեղի է ունեցել Եվրատեսիլ երգի տեսահոլովակի պրեմիերան, որով այս տարի Հայաստանը ներկայանալու է մրցույթին: Հայաստանը մրցույթին ներկայացնում է Genealogy խումբը՝ «Մի ժխտիր» (Don’t deny) երգով: Երգի պրեմիերայով հայտնի է դարձել, որ խմբի՝ Հայաստանը ներակայացոնղ վեցերորդ մասնակիցը երգչուհի Ինգա Արշակյանն է: Խմբի մյուս հինգ անդամները հայեր են մոլորակի հինգ աշխարհամասերից՝ (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) Եսայի Ալթունյանը, Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը, Ստեֆանի Թոփալյանը և Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը:

«Մի ժխտիր» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը:

Այս տարի մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:

Եվրոպական հեռարձակողների միության անդամ մի քանի երկիր՝ Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցոգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին:

Մեկնաբանել