Երևանում կտեղադրվի եզդիների կոտորածին նվիրված հուշարձան

imagesԵրևանի Օղակաձև զբոսայգում կտեղադրվի հուշարձան` նվիրված 1915թ. զոհված բազմահազար եզդիներին: Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից, որոշման նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու մարտի 18-ի նիստին:

Որոշման նախագծի` եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու համար Երևանի քաղաքապետարան է դիմել «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շամոյանը: «Վերոհիշյալի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նաև Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կողմից, և համատեղ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուշարձանը տեղադրել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։

Հուշարձանի էսքիզները, որոնց հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է, քննարկվել և հավանության են արժանացել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից։

Տեղեկանքում նշվում է, որ «Երևան քաղաքում հուշարձան տեղադրելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեում լրացումներ և/կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։