Ավետիսյանների իրավահաջորդները Կոստանյանի հետ չեն հանդիպի

GyumriԳյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդները մարտի 13-ին չեն հանդիպի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ. վերջինիս հետ կհանդիպեն միայն իրավահաջորդների ներկայացուցիչները: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ որոշումը կայացվել է Ավետիսյանների իրավահաջորդների հետ փոխհամաձայնությամբ: Նպատակն այն է, որ իրավահաջորդների ներկայացուցիչները կարողանան Կոստանյանի հետ ունենալ առարկայական, իրավաբանական զրույց: Փաստաբանի խոսքով` Ավետիսյանների իրավահաջորդներն ընդունել են, որ իրենց մասնակցությամբ առարկայական զրույց կարող է տեղի չունենալ:

Երեմ Սարգսյանը փոխանցեց նաև, որ հանդիպմանը լրատվամիջոցների ներկայություն ևս չի նախատեսվում` Գևորգ Կոստանյանի հետ բաց և հանգամանալից իրավական զրույց ունենալու համար: Փաստաբանը հաղորդեց, որ նախատեսվում է` հանդիպմանը կմասնակցեն Ավետիսյանների իրավահաջորդների բոլոր ներակայացուցիչները: «Մասնավորապես ես և փաստաբան Լուսինե Սահակյանը հաստատապես մասնակցելու ենք»,- ասաց նա:

Հանդիպումը տեղի է ունենալու ժամը 17:00-ին դատախազությունում:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Փետրվարի 23-ին Ավետիսյանների ընտանիքի հարազատները այցելել էին Շիրակի մարզի դատախազություն և մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջել Գյումրի հրավիրել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ սպանդի բացահայտման շուրջ ընթացող գործողություններին ծանոթանալու համար։

Մեկնաբանել