Թուրքիայում փոփոխություն և՛ կա, և՛ չկա. Այհան Աքթար

550_copy_1841 Այհան Աքթար

Թուրքիայում ձախ ուղղվածություն ունեցող Evrensel կայքը հարցազրույց է արել Բիլգի համալսարանի դասախոս Այհան Աքթարի հետ: Աքթարը հայ լսարանին առավել հայտնի դարձավ Դարդանելի ճակատամարտի տոնակատարություններն ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի քաղաքականության կոշտ քննադատությունից հետո: Պատմաբանը խոսում է այն մասին, թե ինչո՞ւ Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, փոխվել է արդյո՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին հայերի ու Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

«Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կազմած կառավարության՝ Թուրքիայի հայության և առհասարակ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականության վերաբերյալ հակասական կարծիքներ կան: Մի մասը կարծում է, թե ԱԶԿ-ն պատմական նշանակություն ունեցող քայլեր է իրականացրել: Ոմանց գնահատմամբ՝ դրանք պարզապես ԱԶԿ-ի պրագմատիկ բնույթին բնորոշ քայլեր են: Ձեզ հիշեցնեմ Էրդողանի՝ «Կներեք արտահայտությանս, ինձ հայ են ասել» խոսքն ու հարցնեմ, թե քաղաքականության մեջ հայերի նկատմամբ որևէ փոփոխություն կա՞, թե՞ ոչ:

Փոփոխություն և՛ կա, և՛ չկա: 2000թ. եթե մի գիտնական վեր կենար ու հայտարարեր «Թեշքիլաթը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն», Ցեղասպանությունն իրականացրած հիմնական ուժերից մեկը-ՍիվիլՆեթ) կողմից շուրջ մեկ միլիոն հայ է սպանվել», դա կհամարվեր սենսացիոն հայտարարություն: Ամենայն հավանականությամբ, այդ գիտնականը կստանար նաև սպառնալից նամակներ: 2005թ. Բիլգի համալսարանում հայերին նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպող հանձնաժողովի մեջ ես էլ էի ընդգրկված, անցկացվում էր ոստիկանության հսկողության տակ: Այսօր արդեն նման հայտարարությունները մեծ տարածում են գտել և դարձել են սովորական: Նախկինում ազգայնական հատվածը 1915թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ միաբերան ասում էր. «Երբևէ նման բան տեղի չի ունեցել, մեր պապերը մարդասպան չեն»: Այժմ նույնիսկ այդ հատվածն է սկսվել փոխվել:

Իսկապե՞ս սկսել է փոխվել: Թուրքիայի ժողովուրդն այլևս չի՞ անհանգստանում, երբ ասում են՝ «այո՛, հայերը Ցեղասպանության են ենթարկվել»:

Չի անհանգստանում: Մարդկանց մի մասը մինչ օրս թաքցնում էր իր պապերից լսած պատմությունները: Այժմ, երբ հարց ես տալիս, սկսում են պատմել ու պատմել: Սա կարևոր է: Արդեն 15 տարի է, ինչ շատ լուրջ ինֆորմացիա է թափանցում, որն էլ մտածողության մեջ փոփոխություններ է առաջացնում: Թեմայի վերաբերյալ եվրոպական լեզուներով գրված բոլոր աշխատությունները թարգմանվել են: 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո Ցեղասպանության վերաբերյալ մշակված ձևակերպումներն այսօր դեն են նետվել: Ի՞նչ էին դրանք: «Հայերը, համագործակցելով ռուսական զավթիչ ուժերի հետ, հարվածեցին թիկունքից և ապստամբություն բարձրացրին: Մենք նրանց տեղահանեցինք: Տեղահանության ընթացքում նրանք մահացան: Ճանապարհին զոհ գնացին ցրտին, տիֆի համաճարակին»: Այս տեսակետը մասնակիորեն նահանջել է: Ապստամբության, զինված ըմբոստության թեզը դեռ շարունակում է դիմադրել, բայց կա որոշակի ձևափոխում նաև պետական պաշտոնական պատմագրության շրջանակում:

Հեռվից նայելու դեպքում թվում է սոսկ պատահականություն, սակայն 99 տարի անց միայն Թուրքիան ցավակցական ուղերձ է հղում: Մի՞թե 99 տարի հետո են ցավակցում: Այդպիսի բան գոյություն չունի, սակայն Թուրքիայի քաղաքականության տեսանկյունից այն ունի իր նշանակությունը:

Ո՞րն է այս ուղերձի քաղաքական նշանակությունը:

Փաստորեն, այդ ժամանակի վարչապետ Էրդողանը չեղյալ համարեց տարածված արտահայտությունը, թե ոչ ոք չի մահացել. եթե ցավակցական ուղերձ ես հղում, նշանակում է՝ մահ էլ է եղել:

Իսկ ո՞րն է բացասական կողմը:

Բացասական կողմը հասկանալու համար փոքր-ինչ հետ գնանք: 1918թ. նոյեմբերի 13-ին դաշնակից երկրների նավատորմը Ստամբուլում խարիսխ է ձգում: Ստամբուլի ժողովրդի համար դա մեծ իրարանցում էր: Մեջլիսը հավաքվում է և քննարկում՝ «ինչո՞ւ ենք մտել պատերազմի մեջ, ինչո՞ւ ենք այժմ գրավման տակ»: Քննարկմանը մասնակցում էին 1914թ. ընտրություններից հետո խորհրդարան մտած հայ պատգամավորները: Նրանք այդտեղ առաջին անգամ բարձրացրին Հայոց ցեղասպանության հարցը: Մեջլիսի մեծամասնություն կազմող «Միություն և առաջադիմություն» խմբակցության պատագամավորները հայտարարում են. «Այո՛, հայերն էլ են մահացել, մենք (թուրքերը-ՍիվիլՆեթ) էլ: Պատերազմի դաշտերում մեր եղբայրներն ու հայրերն են անթաղ ընկած»: Հենց այդ շրջանից սկսեցին զարգացնել պաշտպանական քաղաքականությունը: Այսինքն՝ երբ ոչ մուսուլման ժողովուրդները պատմում են իրենց դժբախտությունների մասին, մուսուլման թուրքերն էլ ասում են. «Մենք էլ ենք մահացել»: Եվ այս քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել:

Մինչ օրս մարտի 18-ին իրականացվող Դարդանելի տոնակատարությունները ապրիլի 24-ին տեղափոխելը չփոփոխվող վարքագծի մա՞սն է, ցավերի մրցության ռեֆլեքսի դրսևորո՞ւմը:

Այո, սա թուրքական պետության դիրքորոշման անփոփոխ կողմերից է: Այս տարի Դարդանելի միջոցառումները միանգամից մարտի 18-ից տեղափոխվեցին ապրիլի 24: Տոնակատարություններին հրավիրվեց նաև Հայաստանի նախագահը: Սա անելու բան չէր: Այդ ընթացքում, սակայն, հետաքրքիր բան տեղի ունեցավ: Արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարեց. «Հրավիրել ենք նաև Հայաստանի նախագահին, քանի որ Դարդանելում նաև հայեր են կռվել»: Սա ինձ համար անակնկալ էր:

Ի՞նչն էր զարմացրել Ձեզ:

Որովհետև մինչ այդ մշտապես ժխտվում էր Դարդանելի ճակատամարտին հայերի մասնակցությունը: 2012թ. հրատարակել էի Դարդանելի ճակատամարտի մասնակից կապիտան, հրետանավոր Սարգիս Թորոսյանի հուշերը, ինչը մեծ արձագանք էր առաջացրել: Բանակի գլխավոր շտաբը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ. «Դարդանելի ճակատամարտին Սարգիս Թորոսյան անունով սպա չի եղել»: Ապացուցելու համար, որ հուշերի գիրքն ամբողջովին հորինվածք է, որ Դարդանելում նման մարդ չի եղել, թուրք պատմաբաններից մեկը Taraf թերթում միայն 34 հոդված գրեց, մեկ ուրիշն էլ 300 էջանոց գիրք տպագրեց:

Մենք գտանք Թորոսյանի ընտանիքին, նրա թոռը մեզ մի շարք փաստաթղթեր հանձնեց: Այս անգամ էլ սկսեցին հոդվածներ գրել, որ ապացուցեն, թե դրանք կեղծ են: Այժմ՝ 2.5 տարի անց, միանգամից հայտարարում են. «Դարդանելում հայերն էլ են կռվել»: Ի՜նչ լավ է: Հրապարակի վրա գոյություն ունեցող փաստերը հստակ ցույց են տալիս, որ Դարդանելի ճակատում կռվողների 9%-ը ոչ մուսուլմաններ են՝ հայեր, հույներ և հրեաներ: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ 250 հայ մտավորական ձերբակալվեց ու աքսորվեց Անատոլիայի տարբեր բնակավայրեր, նրանց մեծ մասը մահացավ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Դարդանելի միջոցով փորձում ենք թաքցնել հայերի նահատակների ոգեկոչման օրը: Փորձում ենք թաքցնել և ի հայտ են գալիս մինչ օրս գաղտնի պահված փաստեր, որոնք ժողովուրդը չգիտեր. «Հայերը մասնակցել են ճակատամարտին»: Այդ պատճառով կարող եմ ասել՝ այո՛, փոփոխություն լինում է, սակայն զիգզագներով:

Մեկնաբանել