«Հարավկովկասյան երկաթուղում» խախտումներ են հայտնաբերել

TH_HkeՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) գործունեությունը և հայտնաբերել մի շարք խախտումներ:

Ինչպես հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից, ուսումնասիրության նպատակը եղել է երկաթուղայի փոխադրումների ոլորտում ընկերության մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելը:

Տնտեսական մրցակցության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀԿԵ-ն վերջին երեք տարիներին բարձրացրել է միջպետական և ներպետական բեռնափոխադրումների գները, ինչի հետ կապված ՏՄՊՊՀ մասնագետները համապատասխան գնագոյացման հաշվարկներ են իրականացրել: Պարզվել է, որ որոշ դեպքերում գնաճը մեծ չափով գերազանցում է ընկերության կողմից կատարված ծախսերը:

«Սկսած 2011-ից` «Հարավկովկասյան երկաթուղին» պարբերաբար բարձրացնում է բեռնափոխադրման գները: Ընդհանուր առմամբ, ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թթ. ավելացել են 5-17 տոկոսով, իսկ միջպետականի դեպքում՝ մինչև 17 տոկոս: Պարզվել է նաև, որ ընկերության կողմից կատարված գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին: Այսպես, 2012թ. նախորդ տարվա համեմատ ընկերության ծախսերը 1տ/կմ-ի հաշվով ավելացել են 5.4 տոկոսով, գինը՝ 4.8 տոկոսով: 2013-ին ծախսերը ավելացել են 2.5, իսկ բեռնափոխադրման գինը՝ 4.3 տոկոսով: Այսինքն` եթե 2012-ին բեռնափոխադրման գները 0.6 տոկոսով քիչ են բարձրացվել, ապա փոխարենը 2013-ին 1.8 տոկոսով ավելի թանկ գին է սահմանվել»,- ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում:

Հանձնաժողովը հայտնաբերել է նաև մի շարք օրենսդրական խախտումներ: Պարզվել է, որ 2010-ից ի վեր «Հարավկովկասյան երկաթուղին» չի համաձայնեցրել և չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը պարտավոր էր անել օրենքով սահմանված կարգով: «Ընդ որում` այդ տեղեկատվությունը ներառում է բազմաթիվ կարևորագույն տվյալներ, այդ թվում ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները, որոնք այս պարագայում չեն համաձայնեցվել»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:

Բացի այդ` որոշ դեպքերում ՀԿԵ-ի ներկայացուցիչները, առանց տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան լիազորագրերի, մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների միջև կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:

Ոսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ ՀԿԵ-ի հասույթի հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը, ձևավորվում է ընդամենը երեք ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք և հանքանյութ: Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9.3 մլրդ դրամ, որն էլ, ըստ ընկերության կողմից ՏՄՊՊՀ-ին ներկայացված պարզաբանումների, եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը:

«Հանձնաժողովը ստուգել է նաև կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը և պարզել, որ նման ծավալի վնասը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների հետևանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում է նաև ընկերության վնասի չափը»- ասված է հաղորդագրությունում:

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները` պարզելու ընկերության կողմից կատարված ներդրումների արդյունավետությունը: «Բացի այդ` կուսումնասիրվի գնումների կազմակերպման գործընթացը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» ազատ է իր գնումների քաղաքականությունը որոշելու հարցում և ինքնուրույն է տնօրինում, թե երբ, ումից և ինչ գնով ձեռքբերում իրականացի»,- նշում է ՏՄՊՊՀ-ն: Ընկերությունում ձևավորված խոշոր վնասի առկայության փաստը նկատի ունենալով` ՏՄՊՊՀ-ն որոշել է տալ նախազգուշացում և պահանջել, որ այսուհետ ՀԿԵ-ն հետևի մրցակցային օրենսդրության պահանջներին և զերծ մնա չարաշահումներից:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ քանի որ բացահայտումների հիմնական մասը ոլորտը կարգավորող մարմնի` տրանսպորտի և կապի նախարարության դաշտում է, ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի նախարարություն: «Բացի այդ` ոլորտի կարգավորման, ինչպես նաև ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով ՏՄՊՊՀ-ն ձևավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք ևս կտրամադրի շահագրգիռ կողմերին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել