Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Պրահայում

g_image.phpՉեխիայի Ազգային թանգարանի երաժշտության թանգարանի շենքում մարտի 9-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը դատապարտող ելույթներով հանդես են եկել Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկան, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի տեղակալ Յան Բարտոշեկը և միջնորդությունների կոմիտեի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան:

Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 22-ը:

Մարտի 10-ին Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում տեղի է ունեցել «Ցեղասպանության հանցագործություն. իրավական և քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողով, որը Չեխիայում Հայաստանի դեսպանության և «Չարիքի հնէաբանությունը» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի հովանու ներքո կազմակերպել էին «Իրավագիտության ուսանողների եվրոպական ընկերակցության Պրահայի մասնաճյուղը» (ELSA PRAHA) և հայազգի տնտեսագետ Էլեն Ահարոնյանը:

Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել գերմանաբնակ հայազգի հանրահայտ ցեղասպանագետ, Բոխումի համալսարանի պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որը ներկայացրել է տարբեր ցեղասպանությունների, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի համեմատականները:

Ելույթով հանդես է եկել նաև Կարլի համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, «Չարիքի հնէաբանություն» ցեղասպանությունների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Շիմոն Կրբեցը:

Մարտի 11-ին Պրահայի Գյոթեի ինստիտուտում տեղի է ունեցել «Երեկ և այսօր. արդարությունը միշտ անհրաժեշտ է» խորագրով քննարկում, որը կազմակերպել էր «Gariwo – Garden of the Righteous» իրավապաշտպան կազմակերպությունը` ի դեմս չեխ-իտալացի հրապարակախոս Անդրեաս Պիերալլիի:

Չեխ հայագետ Միլադա Կիլիանովան իր ելույթում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունն ու մանրամասները` նշելով, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր է ընդունել սեփական պատմության դաժան իրողությունները և դատապարտել նախնիների ոճրագործությունները։

Գիտաժողովի կազմակերպիչ Անդրեաս Պիերալլին ձեռնարկի մասնակիցներին ներկայացրել է փաստագրական նյութեր այն հումանիստների մասին, որոնք մեծ օգնություն են ցուցաբերել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ փախստականներին:

Իրենց ելույթներում արտաքին գործերի նախկին նախարարներ Ցիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը դատապարտել են Օսմանյան կայսրության ոճրագործությունները և կոչ արել թուրքերին առերեսվել սեփական պատմության հետ: Շվարցենբերգը նաև նշել է, որ հայերի ողբերգության բազմաթիվ վկայություններ եղել են նաև նախկին Չեխոսլովակիայում: