Եգիպտոսը ցանկանում է նոր մայրաքաղաք կառուցել

150314054833_capital_624x351_reuters_nocreditԵգիպտոսը ցանկանում է նոր մայրաքաղաք կառուցել, որպեսզի թեթևացնի ներկա մայրաքաղաք Կահիրեն: Ակնկալվում է, որ Կահիրեի ներկայիս 18 միլիոն բնակչությունը 40 տարի անց կկրկնապատկվի:

Երկրի իշխանությունները փորձում են նոր քաղաքի կառուցման նպատակով ներդրումներ ներգրավել Արաբական թերակղզու նավթառատ երկրներից:

Ուրբաթ եգիպտական Շարմ աշ Շեյխում կայացած միջազգային ներդրումային համաժողովին Եգիպտոսի շինարարության նախարար Մուստաֆա Մադբուլին ներկայացրել է նոր մայրաքաղաքի կառուցման վիթխարի ծրագիրը, հաղորդում է BBC-ն:

Նոր մայրաքաղաքը, որի անունը դեռ չի որոշվել, պետք է լինի Սինգապուրի չափ, իսկ նրա միջազգային օդանավակայանը Լոնդոնի «Հիթրոու»-ից մեծ կլինի:

Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի յոթ տարում: Դրա ավարտին 700 ք/կմ տարածքում կբնակեցվի 5 միլիոն մարդ: Այնտեղ կտեղափոխվեն կառավարական բոլոր հաստատությունները և դեսպանությունները:

«Մենք խոսում ենք համաշխարհային մակարդակի մայրաքաղաքի մասին»,- ասել է Մադբուլին:

Նոր մայրաքաղաքի կառուցման վայրն ընտրվել է Կահիրեի և Կարմիր ծովի միջև ընկած հատվածում:

Նոր մայրաքաղաքի կառուցման նախագիծը մշակել է Արաբական Միացյալ Էմիրությունների Capital City Partners ընկերությունը, որը Դուբայում կառուցել է աշխարհում ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան:

Նոր մայրաքաղաքի շինարարության արդյունքում կստեղծվի մոտ 1 միլիոն նոր աշխատատեղ, կաշխուժանա եգիպտական տնտեսությունը:

Նախագծի իրականացման հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Նախնական հաշվարկներով, նոր քաղաքի կառուցումը կարժենա 45 միլիարդ դոլար: Շարմ աշ Շեյխում կայացած համաժողովին Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և ԱՄԷ-ի ներդրողները պատրաստակամություն են հայտնել եգիպտական տնտեսությունում դնել 4-ական միլիարդ դոլար, սակայն խոսքը ոչ թե նոր մայրաքաղաքի կառուցման, այլ ենթակառուցվածքային այլ ծրագրերի մասին է:

2011թ. Արաբական գարունից հետո Եգիպտոսի տնտեսական աճը դանդաղել է՝ 7 տոկոսից իջնելով մինչև 2 տոկոսի, իսկ օտարերկրյա ներդրումները 2007-08 թվականների 13 միլիարդ դոլարից իջել են մինչև 2.2 միլիարդ 2013-14 թվականներին: Վերջին շրջանում աճի տեմպը սկսել է արագանալ. 2015-ին ԱՄՀ-ն Եգիպտոսում 3.8 տոկոս աճ է կանխատեսել:

Համաժողովին ներկա է եղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը բարձր է գնահատել Եգիպտոսի նախագահ Ֆաթթահ ալ Սիսիի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումները:

Շարմ աշ Շեյխում կայացած համաժողովին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նոր մայրաքաղաքներ կառուցելու ծրագրեր իրականացվել են Բրազիլիայում՝ Բրազիլիա, Պակիստանում՝ Իսլամաբադ, Նիգերիայում՝ Աբուջա, Ղազախստանում՝ Աստանա: Սակայն Եգիպտոսի նոր նախատեսվող մայրաքաղաքը էապես մեծ կլինի այս բոլորից: