Հայկական Նեմեսիս

Սողոմոն Թեհլիրյանը:

Սողոմոն Թեհլիրյան՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագույն դահիճներից Թալեաթ փաշայի կյանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրյանին բացատրել է, թե ինչ պետք է անի 25-ամյա հայ վրիժառուն Բեռլինում Թալեաթին սպանելուց հետո. «Թիվ մեկ ազգասպանի գանգը կպայթեցնես և չփորձես փախչել. կկանգնես տեղում` ոտքդ սատակի վրա ու կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն»:

Թեհլիրյանն այսպես է նկարագրում Թալեաթի կյանքի վերջին ժամը.

«Առավոտը սովորականից շուտ վեր կացա. արևի շողերը արդեն հասել էին դիմացի շենքի պատուհանին: Հազիվ էի ավարտել թեյս և ուզում էի բազկաթոռը մոտեցնել պատուհանի եզրին, երբ հանկարծ դիմացի շենքի պատշգամբում տեսա Թալեաթին: Քարացա. նա՞ էր արդյոք: Այո՛: Նա մեկերկու քայլ առաջ անցավ, ուշադիր զննեց մայթը՝ նախ վեր, ապա վար, ու կարծես ինչոր մտքերի ծանրության տակ` գլուխը կախ: Ըստ երևույթին, թեթև չէր կյանքը գործած անպատում ոճիրից հետո: Թեև անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ՝ Պոլսո պատերազմական ատյանի և ՀՅԴի: Առաջինը նրա համար հավանաբար ուներ բարոյական նշանակություն. փոխանակ վեր հանելու իր «ազգանվեր» մեծ գործը, հարազատ երկրի մեջ դատապարտում էին նրան մահվան՝ որպես սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թյուրիմացությունը» պարզել. ապագա սերունդները կհասկանային կատարած գործի արժեքը, եթե չլիներ ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացույցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զենքը վերցրի՝ պատրաստ դուրս գալու: Հանկարծ նա հայտնվեց դռան մոտ և փղի պես ծանրորեն սկսեց վար իջնել: Սառը դատողությունը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատվել ձեռքիցս, բայց և հուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»:

Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագույն մասը կխուսափեր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու և իրագործելու պատժից, եթե չլինեին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴ-ի «Նեմեսիս» գործողությունը: Հունական դիցաբանության մեջ Նեմեսիսը վրիժառության աստվածուհին էր: 1919թ. աշնանը Երևանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել երիտթուրքերի պարագլուխներին և Հայոց ցեղասպանության մյուս իրականացնողներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: «Նեմեսիսի» իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին, որի ղեկավար ընտրվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Արմեն Գարոն, ստեղծվեց նաև հատուկ ‎‎ֆոնդ Շահան Մարչակլյանի ղեկավարությամբ: Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց Շահան Նաթալին, օգնական՝ Գրիգոր Մերջանովը: Տեղեկությունների հավաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազյանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու «ընկերը» Մեհմեդ Ալի անունով:

ՀՅԴ պատմագիրներից Հրաչ Տասնապետյանը նկատում է, որ «հասկանալի պատճառներով» ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների բրոշյուրը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու մասին որևէ հիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրյանի, Միսաք Թոռլաքյանի և Արշավիր Շիրակյանի հուշերը հստակ հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպված լինելու իրողությունը:

Թալեաթ փաշայի սպանության կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, Արմեն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարությունը:

Թեհլիրյանը իր հուշերում գրում է.

«Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած՝ զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»:

Թեհլիրյանը ծնվել է Կամախի Բագառիճ գյուղում: Արևմտյան Հայաստանի դատարկումից և Եղեռնից հետո, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրյանը զինվորագրվում է «Նեմեսիս» գործողությանը: Թալեաթին սպանելուց հետ նա ձերբակալվում է, սակայն 1921թ. հունիսի 3-ին ազատ է արձակվում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Յոհաննես Լեփսիուսը:

Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:

Թեհլիրյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:

Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:

Թեհլիրյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:

Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:

Թեհլիրյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:

Նախա‎գահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:

Թեհլիրյան – Ես որևէ ծրագիր չունեի:

Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:

Թեհլիրյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:

Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:

Թեհլիրյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

Դաշնակցության կողմից մահապատժի դատապարտված մյուս իթթիհատականները և մուսավաթականները սպանվեցին 1921-1922 թվականների ընթացքում: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մահվան դատապարտված և սպանված բոլոր թուրքերը, բացառությամբ Էնվեր փաշայի, ընկան դաշնակցականների ձեռքով:

Գերմանական դատարանի կողմից արդարացված Թեհլիրյանը տեղափոխվեց Բելգրադ, ապա հաստատվեց Ֆրեզնոյում, որտեղ և կնքեց մահկանացուն 1960թ.:

Մեկնաբանել