ՀԲ-ն $30 մլն վարկ է հատկացնում Հայաստանին

DSC_7382Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 13-ին հաստատել է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման  (ՍՆՏԶ) ծրագրով Հայաստանին հատկացված 30 միլիոն դոլար վարկը: Ինչպես հաղորդում են ՀԲ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, այս ծրագրով «աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին»:

Հայաստանի համայնքներում կիրականացվեն սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր), ինչպես նաև տնտեսական ենթակառուցվածքների (ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն) վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Առաջնահերթությունը կսահմանի համայնքը:

«Նոր ծրագրի ուղղակի շահառու կդառնան 150 համայնքներ, հիմնականում՝ գյուղական: Մեր հաշվարկներով կստեղծվի շուրջ 300 հիմնական և 1.100 ժամանակավոր աշխատատեղ, ընդ որում՝ անապահով համայնքներում աշխատավարձերի տեսքով ձևավորվող եկամուտը կկազմի ավելի քան 8 միլիոն դոլար»,- ասել է ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ:

Առաջին. համայնքային մակարդակում սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցություն: Այս բաղադրիչի ներքո 120 համայնքներում կիրականացվեն միկրոծրագրեր: Ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային օղակի հասարակական, սոցիալական, տնտեսական և բնապահպանական ենթակառուցվածքների վերակառուցումն ու զարգացումը:

Երկրորդ. սոցիալ-տնտեսական զարգացման միջհամայնքային նախաձեռնություններ, որոնց շրջանակում կֆինանսավորվեն երկու և ավելի համայնքներ միավորող երկարաժամկետ զարգացման հեռանկար ունեցող սոցիալ-տնտեսական նախաձեռնություններ: Ծրագիրը, ընդհանուր առմամբ, կֆինանսավորի մոտ 30 միջհամայնքային նախագծման, ընտրության ու իրականացման փուլերում գտնվող ենթածրագրեր:

Երրորդ բաղադրիչի ներքո նախատեսվում է անցում կատարել փոքր ու առանձին ծրագրերից դեպի առավել խոշոր ու ինքնաբավ զարգացման ծրագրերի, որոնք միտված են 2012-2025 թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի սոցիալ-տնտեսական անհամաչափությունները վերացնելուն ու ներդաշնակ տարածքային զարգացումը խթանելուն:

Ծրագրի ամբողջական ֆինանսավորումը կազմում է 42,85  դոլար, որից 11 միլիոն դոլար հատկացվում է Հայաստանի կառավարության կողմից, 1,85 միլիոն դոլար շահառու համայնքների կողմից, իսկ 30 միլիոն դոլարը վարկ ՎԶՄԲ-ի կողմից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարվա մարման ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր՝ այս երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  ավելի քան 2 մլրդ դոլար գումար: