26 համայնքներից 18-ում հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները

Yerevan City Council elections 2013Մարտի 15-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 26 համայնքներում անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում 18-ում հաղթել են ՀՀԿ-ի թեկնածուները:

Հինգ համայնքում հաղթել են ինքնաառաջադրված անկուսակցականներ, երկու համայնքում՝ ԲՀԿ-ականներ, մեկում՝ ՀՅԴ անդամ:

Նախնական արդյունքների համաձայն` համայնքների գործող ղեկավարները հիմնականում վերընտրվել են: Քիչ չեն դեպքերը, երբ համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցություն չի եղել: Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 20 թեկնածու, իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են, 14-ը` անկուսակցական (որոնցից երկուսը` առաջադրված ՀՀԿ-ի կողմից), երկուսը «Բարգավաճ Հայաստանի» անդամներ, մեկը` Հայ հեղափոխական դաշնակցության:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը:

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում վերընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ անդամ Արմեն Սարգսյանը: Նալբանդյանում առաջադրված ՀՀԿ-ական երկու թեկնածուներից համայնքի ղեկավար է վերընտրվել Գրիգոր Մկրտչյանը, իսկ Նոր Արմավիրում դարձյալ ՀՀԿ-ական երկու թեկնածուներից հաղթել է Արթուր Ավետիսյանը: Արմավիրի Հայկավան համայնքում հաղթել է անկուսակցական, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռուբեն Ղազարյանը:

Շիրակի մարզի Անուշավան, Հառիճ և Սարակապ համայնքներում վերընտրվել են միակ թեկնածուներ, գործող ղեկավարներ Երվանդ Հակոբյանը (անկուսակցական), Ռոլանդ Նազարեթյանը (անկուսակցական) և Արծրուն Խաչատրյանը (ԲՀԿ): Շիրակի մարզի Արփենի համայնքում նախնական տվյալներով գործող ղեկավար, ՀՀԿ-ական Արսեն Առաքելյանը պարտվել է միակ մրցակից, անկուսակցական թեկնածու Վահագն Առաքելյանին: Կարմրավանում ևս գործող ղեկավար, ՀՀԿ-ական Ֆելքիս Հարությունյանը պարտվել է միակ մրցակից, ՀՀԿ-ական Մանուկ Հարությունյանին:

Վայոց ձորի Չիվա համայնքում վերընտրվել է միակ թեկնածու, անկուսակցական Նաիրի Սարգսյանը:

Սյունիքի մարզի Լոր, Կաղնուտ, Շուռնուխ, Որոտան համայնքներում վերընտրվել են համայնքների ՀՀԿ-ական գործող ղեկավարները, որոնք մրցակիցներ չեն ունեցել:

Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում վերընտրվել է ՀՀԿ անդամ, միակ թեկնածու Կարեն Դոլմազյանը, իսկ նույն մարզի Ծաղկավան համայնքում գործող ղեկավար, ՀՀԿ անդամ Նաիրի Աթաբեկյանը նախնական արդյունքներով չնչին առավելությամբ հաղթել է իր միակ մրցակից, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանին:

Կոտայքի մարզի Բջնի համայնքում գրանցված երեք թեկնածուներից հաղթել է գործող ղեկավար, հանրապետական Արմեն Մաթևոսյանը: Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքում երկու թեկնածուներից հաղթել է գործող ղեկավար, ՀՀԿ-ական Մխիթար Դանիելյանը:

Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքում վերընտրվել է միակ թեկնածու, հանրապետական Սարգիս Ասլանյանը, իսկ Դարանակում համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Վլադիմիր Սարկիսյանը չնչին առավելությամբ հաղթել է իր միակ մրցակից, անկուսակցական Վահան Սարգսյանին:

Արագածոտնի Ափնագյուղ, Լեռնապար և Տեղեր համայնքներում վերընտրվել են գործող ղեկավարներ, միակ թեկնածուներ Ռոբերտ Կարապետյանը (անկուսակցական), Մանվել Հարությունյանը (ՀՀԿ) և Գառնիկ Հովհաննիսյանը (ՀՀԿ): Արագածոտնի Օհանավան համայնքում առաջադրված երեք թեկնածուներից հաղթել է գործող ղեկավար, ԲՀԿ անդամ Ալեքսան Ալեքսանյանը: Նրա հիմնական մրցակիցը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդգար Հայրապետյանը:

Արարատի Վարդաշեն համայնքում վերընտրվել է միակ թեկնածու, գործող ղեկավար, ՀՅԴ անդամ Գևորգ Բարխոյանը:

Մեկնաբանել