Բիձինա Իվանիշվիլին հաղորդավար՝ որդու հեռուստաալիքում

217454153Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաղորդավար է դարձել իր որդի Բերա Իվանիշվիլիին պատկանող ժամանցային Georgian Dream Studio՝ GDS հեռուստաալիքում: Մարտի 15-ի երեկոյան ուղիղ եթերով հեռարձակվել է նախկին վարչապետի նոր վերլուծական «20/30» հաղորդումը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Ըստ Իվանիշվիլիի՝ անհրաժեշտ է իրականացնել «քաղաքական իրադարձությունների օբյեկտիվ վերլուծություն», քանի որ «խախտվել է Վրաստանի տարածքում տեղեկատվական բալանսը»:

Իվանիշվիլիի խոսքով՝ ծրագիրը հակադարձելու է «ընդդիմությանը ծառայող քարոզչամեքենային»:

Նա ասել է նաև, որ այն «կօգնի հասարակությանը ճիշտ լույսի տակ տեսնել իրադարձությունները»: Իվանիշվիլին հավելել է, որ իր հեռուստաշոուն «դիմագրավելու է» նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շեփորահարի համբավ վայելող «Ռուսթավի 2» հեռուստատեսությանը:

Նախկին վարչապետը ասել է, որ հաղորդման համար ընտրել է ժամանցային հեռուստաալիք՝ խուսափելու համար ասեկոսեներից: «Եթե բնակչությունը ճիշտ չգնահատի պետության հնարավորությունները և նրանից ավելին պահանջի, կարող է՝ հակառակ ծայրահեղությունը ստացվել: Ես նկատի ունեմ, որ վերջին 22 տարիներին մենք ուրիշների փորձից բան չենք սովորել և ամեն բան ապրել ենք՝ քաղաքացիական պատերազմ և ավերված երկիր, կոռուպցիա, իսկ «Միացյալ ազգային կուսակցության» իշխանության տարիներին նաև՝ բռնություններ»,- ասել է Իվանիշվիլին:

Նա անդրադարձել է նաև լարիի արժեզրկմանը և Վրաստանի տնտեսական իրավիճակին՝ նշելով, որ «որևէ ողբերգություն և քաոս չկա, ինչպես փորձում են ներկայացնել որոշ փորձագետներ»:

Իվանիշվիլիի հաղորդավար դառնալու մասին հայտարարվել էր դեռ 2014-ի հուլիսին:

Իվանիշվիլին վարչապետի պաշտոնից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Հեռանալիս նա ասել էր, որ լքում է քաղաքականությունը և լինելու է ակտիվ քաղաքացի: 2014թ. սկզբին հիմնել է «Քաղաքացի» ոչ կառավարական կազմակերպությունը: