Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնանպատակ է անվանում Սերժ Սարգսյանի խորհրդակցությունները

IMG_4672-копия«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ներկայում Լոս Անջելեսում է, հանդես է եկել հայտարարությամբ, որում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններն անվանել է ոչ ֆորմալ և ինքնանպատակ:

«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել և տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ:

Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել և հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ:

Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ:

Երևան վերադառնալուն պես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ:

Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ:

Հավատք և Հայրենիք»,- ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում:

***

Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել քաղաքական յոթ ուժերի, այդ թվում «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հաջորդ օրը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պարզաբանելով, թե ինչու են սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպել Սերժ Սարգսյանին, նշել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, և այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը համաձայնել է մեծամասնության կարծիքին:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստին, ավելի վաղ ասել էր. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»: