Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման բանակցություններ

g_imageՀայաստանն ակնկալում է, որ մոտակայում հնարավոր կլինի Եվրամիության հետ սկսել բանակցությունների նոր փուլ` ուղղված մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացմանը. մարտի 16-ին այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում` Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստին ունեցած ելույթում:

Հիշեցնելով, որ 2014թ. hունվարից ուժի մեջ են մտել ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, և որ Հայաստանի կառավարության որոշմամբ 2013-ից ԵՄ անդամ երկրների քաղաքացիներն ազատված են Հայաստան մուտքի արտոնագրի պահանջից, Նալբանդյանն ասել է, որ ԵՄ անդամ երկրների հետ մարդկային շփումների խրախուսումն առավել նախադրյալներ կստեղծի գործընկերային հարաբերությունների խորացման համար:

Նա նշել է, որ ներկայում եզրափակիչ փուլում են Եվրամիության գործընկերների հետ խորհրդակցությունները՝ որոշելու Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա իրավական շրջանակը, որը, ՀՀ արտգործնախարարի խոսքով, պետք է հիմնված լինի նախորդ շրջանում արձանագրված առաջընթացի վրա: «Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, հնարավոր ոլորտներով և ուղղություններով շարունակել Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- ասել է Նալբանդյանը:

***

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։

ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ դարձավ հունվարի 2-ից: