Եվրատեսիլի հայաստանյան երգի անունը փոխվել է

1_1812Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 17-ին կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը։ Ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր անունով՝ «Առերեսվի՛ր ստվերին» (Face The Shadow):

Հայաստանի հանրային հեռուստաընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ «այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը»:

Հայաստանը մրցույթին ներկայացնում է Genealogy խումբը: Երգի սկզբնական անունն էր «Մի ժխտիր»՝ Don’t deny, պրեմիերան տեղի էր ուենցել մարտի 12-ին:

Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Տեսահոլովակի հիմքում ծագումնաբանության գաղափարն է, ներկայացված գերդաստանը դիտարկվում է որպես մարդկության խորհրդանիշ, իսկ հիմքում ընկած է սերնդափոխության ֆենոմենը:

Մրցույթը կանցկացվի «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19-ին և 21-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23-ին:

Մեկնաբանել