Դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործն արդեն ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգի կայքից, այն քննելու են Քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանը, Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը:
Վերաքննիչ ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:
Իսկ տուժող կողմը պահանջում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ մարտի 16-ին, դատական քննությունը նշանակվել է ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին:
***
Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։
Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն. դրամի փոխհատուցում (որից 10 մլն 165 հազ. 213 դրամը` տուժող Տաթևիկ Հակոբյանի բուժման, ինչպես նաև առողջության վերջնական վերականգնման, նաև երկու տարվա ընթացքում նրա տրանսպորտային միջոցների ծախսի հատուցման ու փաստաբանական ծառայությունների համար), թողնվեց առանց քննության։