«Չեք անցկացնի». համացանցում ակցիա է սկսվել սահմանադրական փոփոխությունների դեմ

10422075_709144042467790_6674718390109527629_n«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ստեղծվել է մի խումբ քաղաքացիների կողմից 2014թ.՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման միակ նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարությունում նախաձեռնությունը «քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող բոլոր սուբյեկտներին կոչ է անում համատեղ ու գործուն քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունների վտանգավոր նախաձեռնության չեզոքացմանն ուղղված»:

«Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կանգնած է մեծ վտանգի առաջ: Սերժ Սարգսյանը, քաղաքական հակառակորդների նկատմամբ ահաբեկչական մեթոդներ կիրառելով հաշվեհարդար տեսնելուց հետո, վերստին ձեռնամուխ է եղել Սահմանադրության՝ մի քանի անգամ հարկադրաբար հետաձգված, վտանգավոր և հակապետական փոփոխության իրականացմանը:

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր մտահոգությունն առ այն, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման միակ նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, որը որևէ աղերս չունի իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվող պետականության հիմնադրույթների՝ կառավարման համակարգերի կամ մարդու իրավունքների ընդլայնման հիմնահարցերի հետ»,- նշված է նախաձեռնության  հայտարարությունում:

Նախաձեռնությունը վերահաստատում է նաև այն մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխությունների «հաջողության» դեպքում հանրությունը կանգնելու է տոտալ բռնաճնշումների, ներկա Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով երաշխավորվող մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համատարած սահմանափակումների, եղած ժողովրդավարական ձեռքբերումները կորցնելու իրական վտանգի առաջ:

««Չեք անցկացնի»-ն ակնկալում է քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հստակ և աներկբա դիրքորոշումը՝ իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ, ինչպես նաև կոչ է անում համատեղ ու գործուն քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունների վտանգավոր նախաձեռնության չեզոքացմանն ուղղված։

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է իշխանության վերահսկողությունից դուրս գործող բոլոր հանրային-քաղաքական միավորների հետ ձևավորել համագործակցության միասնական ալյանս և անել հնարավոր ամեն բան կանխելու այս արկածախնդիր և կործանարար նախաձեռնության կյանքի կոչումը»,- ասված է հայտարարությունում:

***

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին պաշտոնապես հավանություն է տվել մարտի 14-ին: Հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը հրապարակվել էր 2014թ. ապրիլի 10-ին: