Ինչո՞ւ է Թուրքիան Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունները տեղափոխել

201503150734_aktar3 Այհան Աքթար

ՍիվիլՆեթը ներկայացրել էր թուրք պատմաբան Այհան Աքթարի՝ Evrensel կայքին տված  հարցազրույցի առաջին մասը: Երկրորդ մասում Աքթարը խոսում է այն մասին, թե ինչո՞ւ է Թուրքիան Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունները տեղափոխել ապրիլի 24, հնարավո՞ր է  Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը կամ այդ ճանապարհին ի՞նչ քայլ պետք է իրականացնի: Պատմաբանն անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ դերակատարություն ունի Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերություններում: Հոդվածի երկրորդ մասը ներկայացված է ստորև:

2014թ. ցավակցական ուղերձով հանդես եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս տարի Դարդանելի ճակատամարտի տոնակատարությունները տեղափոխում է ապրիլի 24: Այս կտրուկ շրջադարձն ի՞նչ է նշանակում:

Ես չէի համարի կտրուկ շրջադարձ: Հունիսի երկրորդ շաբաթը խորհրդարանական ընտրություններ են լինելու: Այդ պատճառով այժմ ԱԶԿ-ից նախաձեռնություն չեմ սպասում:

Ընտրություններից հետո հնարավո՞ր է խոսել Ցեղասպանության ճանաչման մասին:

Իմ անձնական կարծիքով՝ ո՛չ: Սակայն, հասարակական մի շարք կազմակերպություններ ճնշումներ են գործադրում, որ Թուրքիայի Հանրապետությունն ընդունի Ցեղասպանությունը: Ըստ իս՝ անիմաստ գործ է:

Ինչո՞ւ:

Չեմ կարծում, որ Անկարայում մոխրագույն կոստյում հագած մեկը կասի, թե Ցեղասպանություն եղել է: Երբեք չի ասի նման բան, գոնե ես չգիտեմ: Այդ պատճառով նրանցով զբաղվելն անիմաստ է: Թուրքիայում իրեն մտավորական, ինտելեկտուալ համարող մարդիկ փողոցում քայլող մարդիկ են: Կարճ ժամանակում չի փոխվելու թուրքական պետության դիրքորոշումը: Դժվար է պատկերացնել, որ նրանք, ովքեր մերժում են Օսմանյան կայսրության պաշտպանությանը մասնակցած կապիտան Թորոսյանին, ընդունեն Ցեղասպանությունը:

Թուրքիան յուրաքանչյուր ապրիլի 24-ին մեծ անհանգստություն է ցուցաբերում: 100-ամյակի նախօրեին մեծացել է մտահոգությունը: Ո՞րն է պատճառը:

Ցեղասպանությանն առնչվող քննարկումների հիմքում գույքի հարցն է ընկած: Ամերիկայում հայերն ապահովագրական ընկերությունների դեմ մի շարք հայցեր են ներկայացրել: Ըստ իս՝ Թուրքիան վախենում է հենց այս հարցի պատճառով:

Եթե վաղը վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կանգնի ու հայտարարի, թե 1915թ. հայերի նկատմամբ Ցեղասպանություն է տեղի ունեցել, ի՞նչ կլինի:

Նախ՝ ԱԶԿ-ն 5-8% ձայն կկորցնի: Այդ ձայնն, ամենայն հավանականությամբ, կգնա «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Երկրորդ՝ փողոց դուրս կգա այն մարդկանց խումբը, որն ասում է, որ մեր պապերը մարդասպան չեն: Նման կտրուկ արտահայտություններով փոփոխություն չի լինում: Տասը տարի առաջ  հայերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ Դողու Փերինչեքի  թիմը մասնակիցների վրա ձվեր էր նետում: Նման պատկերը գնալով իր տեղը զիջեց: Կասեք, թե Ջեմիլ Չիչեքը (2005-ին արդարադատության նախարարն էր, այժմ խորհրդարանի խոսնակն է-ՍիվիլՆեթ), որն ասում էր, թե կոնֆերանսը «թուրք ժողովրդի սրտին ուղղված դաշույնի հարված է», դեռ շարունակում է մնալ երկրի կենտրոնական դեմքերից մեկը: Այո՛, այդպես է: Վստահ եմ՝  նրա գաղափարներն էլ  ոչ մի փոփոխության չեն ենթարկվել: Սակայն աշխարհն է փոխվել: Այժմ ԱԶԿ-ն չի կարող նույն ոճով շարունակել իր քաղաքականությունը: ԱԶԿ-ի ներսում նման ոճով խոսողները կարող են «մաքրվել» քաղաքականությունից:

Ոչ մուսուլման փոքրամասնությունները երկրի նախագահ  Էրդողանի շատ սիրած «ազգ», «ազգի կամք» հասկացությունների մեջ մտնո՞ւմ են, ընկալվո՞ւմ են ազգի մի մասնիկը, թե՞ ոչ:

Ո՛չ, չեն ներառվում ազգ հասկացության մեջ: Ազգ հասկացության տակ առաջին հերթին հասկանում ենք սուննիներին, այսինքն՝ թուրքեր կամ ասիմիլացված խմբեր՝ լինի քուրդ, չերքեզ, բոսնիացի թե ալբանացի (վերջին երկուսը Բալկաններից Թուրքիա գաղթած մուսուլմաններն են- ՍիվիլՆեթ): Թուրքական ազգայնականությունը խտրականություն է դրսևորում և պատժում  նրանց, որոնք չեն ձուլվում: «Երանի նրան, ով թուրք է» արտահայտությունն օգտագործելու դեպքում, իսկապես, ձեր կարիերայի համար նպաստավոր պայմաններ կստեղծեք: Սակայն, երբ ասեք, թե ուզում եմ քուրդ, հայ կամ հույն մնալ և լինել նախարար կամ տնօրեն, այդ ժամանակ լուրջ խնդիրներ կունենաք:

Փոքրամասնությունների գույքի մասնակի վերադարձը գնահատվում է որպես ԱԶԿ-ի կատարած պատմական նշանակություն ունեցող քայլ:  Մի կողմից գույքն է վերադարձվում, մյուս կողմից ասում են՝ «կներեք արտահայտությանս, հայ»: Ինչպե՞ս են վերոնշյալ երկու մոտեցումները մեկտեղվում:

Շիզոֆրենիկ շրջան է Թուրքիայի համար: Այս պահին երկու մոտեցմանն էլ կարելի է հանդիպել: Սակայն, որքան նկատել եմ, ԱԶԿ-ի կառավարության կողմից գույքի վերադարձը միանշանակ դրական է գնահատվում Թուրքիայի հայ քաղաքացիների շրջանում:

Առերեսվելու համար կարևոր է ներողությունը, ինչպե՞ս պետք է լինի այն:

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սահմանը բացել, դեսպան նշանակել, պաշտոնական այց կատարել: Սրանք խորհրդանշական քայլեր են, սակայն կարևոր նշանակություն ունեն:

Ասում են, թե Թուրքիան հսկայական փողեր է վճարում լոբբիներին, որպեսզի ԱՄՆ-ի նախագահն ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը չարտասանի: Օրերս այս համատեքստում  հետաքրքիր զարգացում տեղի ունեցավ: Թուրքիան մեկ մլրդ դոլլար արժողությամբ հրթիռային համակարգի գնումը հետաձգեց ապրիլի 24-ից հետո, իսկ փետրվարին կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հետաձգեց Ցեղասպանությանն առնչվող նախագիծը օրակարգ մտցնելը: Ասում են՝ հրթիռների գնման հարցում Թուրքիան ընտրություն է կայացնելու ըստ Ֆրանսիայի և Թուրքիայի ապրիլի 24-ի դիրքորոշման: Վերջին ժամանակներս սառնություն է նկատվում թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ որոշում կկայացնի Թուրքիան:

Ինչպես նշեցիք՝ ամեն տարի ամերիկյան արտաքին քաղաքականությունն իրականացնող անհատները կամ տարբեր խմբեր նման նախագիծ են տանում կոնգրես: Նրանք, Անկարայից մի շարք զիջումներ կորզելով, գործը փակված են համարում: Այս տարի էլ նույնն է լինելու, սակայն 2015-ի գինը շատ բարձր կարող է լինել: Դա դեռ կտեսնենք:

Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության մասին փաստող գրքեր, ֆիլմեր, բանավոր պատմության ուսումնասիրություններ, ցուցահանդեսներ են կազմակերպվում Թուրքիայում: Անկասկած՝ այս ամենը կարևոր դեր ունի ժողովրդի մտածողության փոփոխության մեջ, իսկ կարո՞ղ եք ասել, թե այն ի՞նչ ազդեցություն է ունենում պետության վրա:

Տարիներ առաջ եմ ասել: Նախ՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, երկրորդ՝ սահմանը բացել, անունն էլ կարելի է դնել «Հրանտ Դինք բարեկամության սահմանադուռ»: Այս քայլերից հետո, Հայաստանում դեսպան նշանակելուց հետո նախագահ Էրդողանը պաշտոնական այցով կգնա Հայաստան: Այդ պաշտոնական այցի ժամանաակ պաշտոնապես չի գնա Ցեղասպանության հուշահամալիր: Սակայն առավոտ կանուխ արթնանալով՝ կնոջը՝ Ֆաթիմային էլ իր հետ վերցնելով, կգնա և մահացածների հոգիների հանգստության համար նամազ կանի: Իր արած նամազը, բնականաբար, իմ արածից ազդեցիկ կլինի: Դրանից հետո հարցը 70-80% լուծված կլինի:

 Այդ անելու կամք կա՞:

Ոչ, ներկա պահին այդպիսի քայլ հնարավոր չէ: Պատճառն այն է, որ արտաքին քաղաքականության կովկասյան գիծը Ադրբեջանի հսկողության տակ է: Դա պայմանավորված է նավթի ու գազի խնդրով, և, քանի դեռ շարունակվում է այս ամենը, Թուրքիան նման նախաձեռնությամբ հանդես չի գա: Եվ մի՛ մոռացեք, ֆուտբոլային խաղի համար Հայաստան գնալը, Շվեյցարիայում արդեն իսկ հետ կանչված արձանագրությունների ստորագրումը և նման բոլոր ծրագրերը Աբդուլլահ Գյուլի գիծն էր, ոչ թե Էրդողանի: Պետք է ընդգծել նաև, որ Աբդուլլահ Գյուլի՝ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ Հայաստանի նկատմամբ  ընդհանուր դրական վերաբերմունք էր հաստատվել: Այդ ամենը պայմանավորված էր Աբդուլլահ Գյուլի դիրքորոշմամբ: Աստիճանաբար Էրդողանի խոսքն ավելի առաջնային դարձավ: