Ոճրագործների փախուստը Պոլսից

Օսմանյան խորհրդարանը: Օսմանյան խորհրդարանը:

1918թ. աշնանը Օսմանյան կայսրությունը Մուդրոսի պայմանագրով պարտված դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Երիտթուրքերի կառավարությունը, որը գլխավորում էր Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման թիվ մեկ պատասխանատու Մեհմեթ Թալեաթ փաշան, Մուդրոսից երկու շաբաթ առաջ հրաժարական էր տվել: Վարչապետ՝ մեծ վեզիր դարձավ նախ Ահմեդ Իզզեթ փաշան (պաշտոնում մնաց ընդամենը 27 օր), ապա Ահմեդ Թեվֆիկ փաշան:

Այդ ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Օսմանյան խորհրդարանում ամենաշատ քննարկված խնդիրը դարձավ կայսրությունն Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշելու և հայերի կոտորածները կազմակերպելու մեջ մեղադրվողներին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Հոկտեմբերի 19-ին վարչապետ Ահմեդ Իզզեթ փաշան խորհրդարանում ներկայացրեց կառավարության ծրագիրը, որում, սակայն, չէր ներառվել պատերազմի տարիների հանցագործությունները հետաքննելու հարցը: Քննադատություններին ի պատասխան՝ Ահմեդ Իզզեթը հայտարարեց. «Մենք անպայման արդարադատություն ենք խոստանում»:

Հայկական կոտորածների հարցով լարված քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանի նոյեմբերի 4-ի նիստում. նոյեմբերի լույս 2-ի գիշերը երիտթուրքական յոթ ղեկավարները փախուստի էին դիմել` Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները, երկու բժիշկ` Շաքիրը և Նազըմը, ոստիկանապետեր Բեդրին և Ազմին, ովքեր գաղտագողի հեռացել էին Բոս‎ֆ‎‎‎‎‎‎որի և Սև ծովի ճանապարհով: Սա առիթ տվեց, որ մինչ այդ ահուդողի մատնված Իթթիհադի հակառակորդները մամուլի միջոցով ահազանգ հնչեցնեն և կառավարությանն ազդարարեն, որ ձերբակալի մյուս մեղսակիցներին` նախքան նրանց փախուստի դիմելը:

Իթթիհադականների դեմ քրեական գործ բացելու գործում կարևոր էր Օսմանյան խորհրդարանի դերը: Տեղի տալով ճնշումներին` խորհրդարանում ազգությամբ արաբ պատգամավոր Ֆուադ բեյի առաջարկի հենքով ստեղծվեց Հինգերորդ հանձնախումբը, որի պարտականությունն էր հարցաքննության ենթարկել պատերազմի ժամանակ Սաիդ Հալիմի և Թալեաթի կառավարությունների նախարարներին և որոշել՝ պետք է՞ նրանք որպես հանցագործներ դատապարտվեն, թե՞ ոչ:

Հանձնախումբը սակայն չկարողացավ իր եզրակացությունները ամփոփել և քվեարկության համար ներկայացնել խորհրդարանին, քանի որ սուլթան Մեհմեդ Վեցերորդ Վահիդեդդինը 1918թ. դեկտեմբերի 21-ին լուծարեց այն: Բայցևայնպես, այդ մարմնի հավաքած տեղեկությունները և փաստաթղթերը ավելի ուշ մեծ օգուտ բերեցին:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում Օսմանյան խորհրդարանի հայազգի պատգամավորները ակտիվորեն մասնակցում էին հայկական կոտորածների շուրջ քննարկումներին. ինչպիսի՞ն էին ոճիրի բնույթը և տարողությունը, ովքե՞ր էին պատասխանատուները, ինչպե՞ս կարելի է դարմանել հասցված վնասներն ու կորուստները:

Երբեմն հայերին զորավիգ էին կանգնում հույն պատգամավորները, առաջին հերթին` Էմմանուել Էմմանուելիդին: Քննարկումներին մասնակցում էին վեց հայ պատգամավորներ, չէին մասնակցում Մուշի երկու հայ պատգամավորներ Գեղամ Տեր-Կարապետյանը, որ հիվանդ էր, Վահան Փափազյանը, ով հեռացել էր Թուրքիայից, և Պոլսից Պետրոս Հալաջյանը: Մյուս երեքը` Զոհրաբը, Վարդգեսը (Հովհաննես Սերենգյուլյան) և Վռամյանը (Օննիկ Դերձակյան) դավադրաբար սպանվել էին:

Հայերի բնաջնջմանը նվիրված իր գրքում օսմանյան խորհրդարանի անդամ Ահմեդ Ռեֆիկը զարմանք էր հայտնում, որ երբ հայերը քշվում էին ԴերԶոր ու կոտորվում, հայ պատգամավորները Ստամբուլում շարունակում էին ջերմ կապեր պահպանել Թալեաթի ու հայերի ոչնչացումը կազմակերպած Իթթիհադի այլ ղեկավարների հետ:

Նոյեմբերի 4-ի քննարկումների ընթացքում հայ պատգամավորները մերթ փաղաքշելով, մերթ սաստելով, մերթ երկիմաստ կամ թաքուն արտահայտություններով քննադատեցին հայերի հանդեպ իրագործված ոճրագործությունները: Ներքգործնախարար Ֆեթհի բեյը հարկադրված էր անձամբ ներկայանալ խորհրդարան` բացատրություններ տալու: Անշուշտ, հարց է ծագում, թե այս նույն հայ պատգամավորները ինչո՞ւ էին Եղեռնի ողջ ընթացքում լուռ մնացել և կարողացել զերծ մնալ մեծ սպանդից:

Այդ օրը Էմմանուելիդին ներկայացրեց ութ կետերից կազմված դիմում, որում ասվում էր, որ հայ լինելուց բացի այլ մեղք չունեցող մեկ միլիոն հայեր են սպանվել, այդ թվում` երեխաներ ու կանայք: Դիմումում նաև նշվում էր հարյուր հազարավոր հույների սպանության և արտաքսման փաստը:

Մուշից պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանը օսմանյան վերջին խորհրդարանում հայ պատգամավորներից միակն էր, որ բացառապես հայության քվեներով էր ընտրվել: Մյուս հայ պատգամավորները Իթթիհադի՝ երիտթուրքերի կուսակցության կողմից կամ նրանց օգնությամբ էին մտել խորհրդարան: Տեր-Կարապետյանի ողջ մնալը պատահականություն էր, նա չէր աքսորվել, քանի որ հիվանդ գամված էր անկողնուն: Բայց հիվանդությունը չէր խանգարել, որպեսզի արթուն կերպով հետևեր Մուշ քաղաքի և Մշո դաշտավայրի շուրջ հարյուր գյուղերի 80-90 հազար հայերի կոտորածին` Հայոց ցեղասպանության ամենից սահմռկեցուցիչ և քստմնելի դրվագներից մեկին:

Դեկտեմբերի 9-ի նիստում հայ պատգամավորներից Տիգրան Պարսամյանը ընթերցում է արդեն մահկանացուն կնքած Տեր-Կարապետյանի ելույթի տեքստը. «Ինչպե՞ս եղավ, որ արևելյան նահանգներում` Կարին, Սեբաստիա, Խարբերդ, Վան, Տիգրանակերտ և Ուր‎‎ֆա գավառում բնակվող բոլոր հայերը տեղահան արվեցին, 1,5 միլիոնից ավելի հայեր ցիրուցան եղան, ջարդվեցին ու մահացան: Այս ընդհանուր ջարդի հետևանքով այդ շրջանի բոլոր հայերի շարժական ու անշարժ գույքը, վանքերի ու եկեղեցիների մեջ պահվող արժեքավոր իրերը կողոպտված են, այնտեղ բնակվող վանականները սպանված ու բնաջնջված են: Այս ահավոր բռնարարքներից հետո մնացած կոտորակված թվով զավակները բռնի կերպով կրոնափոխ լինելով, այստեղ ու այնտեղ ցիրուցան են եղել»:

Մեկնաբանել