Հադրութի ուղղությամբ դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ԵԱՀԿ առաքելությունը մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) ու Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Շփման գծում նախորդ դիտարկումն անցկացվել էր մարտի 4-ին` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Մեկնաբանել