Ավելի քան 40 կոնգրեսականներ Հայոց ցեղասպանության մասին բանաձև են ներկայացրել

20150318_111428ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ռոբերտ Դոլդը (հանրապետական), Ադամ Շիֆը (դեմոկրատ), Դեյվիդ Ուալադաոն (հանրապետական), Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ) և 40 այլ կոնգրեսականներ մարտի 18-ին ներկայացրել են «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը»: Ինչպես հաղորդում է Asbarez պարբերականը, բանաձևում Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում հայ-թուրքական hարաբերությունները կառուցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրողության ճանաչման հիմքով։

Բանաձևի նպատակն է նաև ստեղծել Հայոց ցեղասպանությանը նվիրված արդար և ամբողջական միջազգային արխիվ։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է բանաձևը ներկայացնելու փաստը: «Աջակցում ենք այս նոր, երկկուսակցական մոտեցմանը, որի նպատակն է պահպանել տարածաշրջանի խաղաղությունը, պաշտպանել Հայաստանը և կանխել ապագա վայրագությունները: Արդարության վրա հիմնված այս նորարարական մոտեցումը ԱՄՆ-ին կոչ է անում որդեգրել նոր քաղաքականություն, որը կարտացոլի ամերիկյան արժեքները, ինչպես նաև կճանաչի, որ մեր ազգային շահերի հետապնդումը կարող է նպաստել Թուրքիայի կողմից ճշմարտության աղավաղման ջանքերի ձախողմանն ու այս Ցեղասպանության հարցի միջազգային կարգավորմանը»,- հայտարարել է նա:

«Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևի» ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը Կապիտոլիումում` ստորև: