Ալիևը համաներում է հայտարարել, ազատ է արձակվել երկու քաղբանտարկյալ

E18E03F3-E7F0-4E30-99C9-C4488A6A8A13_mw1024_s_nԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին Նովրուզ Բայրամ տոնի կապակցությամբ 101 դատապարտյալի նկատմամբ համաներում հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ ՝ համաներմամբ ազատ արձակվածների թվում են երկու քաղաբանտարկյալներ: Նրանցից մեկը երիտասարդ ակտիվիստ Օրհան Էյուբզադեն է, որը ձերբակալվել էր 2014թ. մայիսին երիտասարդական NIDA շարժման ակտիվիստների դատավճռի դեմ բողոքի ցույցին մասնակցության համար և դատապարտվել էր երեք տարի ազատազրկման՝ ոստիկանության նկատմամբ բռնության կիրառման մեղադրանքով: Մյուս քաղբանտարկյալը Բաշիր Սուլեյմանլին է, որը ձերբակալվել է 2014թ. մայիսին՝ Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի գործով և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման:

Հրամանագրով 90 դատապարտյալ ազատվում է հետագա ազատազրկումից, չորսը՝ ուղղիչ աշխատանքներից, յոթը՝ դրամական տուգանքներից:

Իրավապաշտպանների տվյալներով` ներկայում Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով բանտերում է ավելի քան 100 քաղաքացի:

Միջազգային կազմակերպություններն ու ադրբեջանցի իրավապաշտպանները խիստ քննադատում են լրագրողների, բլոգերների, հրապարակախոսների և ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդկանց նկատմամբ հետապնդումները, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Մեկնաբանել