Ընդհարում Լիբանանում` դաշնակցական երիտասարդների և թուրք դիվանագետների միջև

3-18-15_Lem-1Մարտի 18-ի երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցության Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների 60-հոգանոց խումբը բողոքի ցույց է անցկացրել Բեյրութի «Ա.Բե.Սե.Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար Լիբանանում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած «Վերջին նամակը» թուրքերեն ֆիլմի ցուցադրությունը:

Ինչպես հաղորդում է լիբանանի «Ազդակ» օրաթերթի կայքը, ֆիլմը Գալիպոլիի ճակատամարտի մասին է, որի 100-ամյակը օգտագործելով` Թուրքիան փորձում է միջազգային ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից:

Թերթի հաղորդմամբ` դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները, որոնք կրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ և ձեռքներին ունեցել են անգլերեն և արաբերեն բողոքի պաստառներ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատող նկարներ, մարդկային պատ են կազմել և քաղաքակիրթ ձևով հսկել են սրահի մուտքը: Նրանք նաև հանրախանութում ներկաներին բաժանել են ցույցի վերաբերյալ բացատրական թռուցիկներ:

Դա առաջացրել է Թուրքիայի դեսպանատան անվտանգության ուժերի ու համակիրների զայրույթը, և նրանք ազգայնական կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրություն է ցույց տվել: Այնուհետ միջամտել են Լիբանանի ներքին անվտանգության ուժերը և բաժնել են կողմերին: Երկու հայ երիտասարդ վիրավորվել է: Ոստիկանությունը ձերբակալել է երկու թուրքի:

Թուրքերը սկսել են բացականչել «Էրդողա´ն, Էրդողա´ն»: Հայկական կողմն ի պատասխան բացականչել է` «Ցեղասպա´ն, ցեղասպա´ն»: Դաշնակցական ցուցարարները շարունակել են անգլերեն բացականչել «Հայոց ցեղասպանություն», «Հիշում և պահանջում ենք», «Ոճրագործ Թուրքիա» և այլ կարգախոսներ: Դրանց հաջորդել են հեղափոխական երգեր:

Ավելի քան երկու ժամ տևած ցույցը մեծ աղմուկ է բարձրացրել «Ա.Բե.Սե.»-ում: Թուրքիայի դեսպանը որոշ ժամանակ «բանտարկված» է մնացել սրահում:

Ընդհարման հետևանքով վիրավորների մասով բողոքներ են ներկայացվել դատական համապատասխան ատյաններ:

Մեկնաբանել