Սեյրան Օհանյանը լայնամասշտաբ պատերազմի վտանգ չի տեսնում

Seyran-OhanyanՀայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չի տեսնում: Այս մասին մարտի 19-ին նա ասել է` ի պատասխան Bloomberg գործակալության հարցի, թե արդյոք կա լայնամասշտաբ գործողությունների վտանգ:

«Հայկական զինուժը պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման, սակայն լայնամասշտաբ գործողությունների որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը: Իրավիճակը սահմաններին և շփման գծում լիովին վերահսկելի է, հայկական ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:

«Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել էին հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս` ամբողջությամբ ոչնչացրել էին խմբին` իրենց դիրքերի մատույցներում»,- հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մարտի 19-ին դատապարտելով ադրբեջանական դիվերսիոն ներխուժման փորձերը, ասել էր, որ «Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից»։

«Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Սադրիչ գործողությունների հետևանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- ասել էր նա: