Սարգսյանն ու Տուսկը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր ձևաչափը

10065Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովի շրջանակում (ԵԺԿ) հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկն անդրադարձել են 2014թ. տարեվերջից Եվրամիության հետ քննարկվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական շրջանակը ձևավորելու հարցին և Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի (մայիսի 21-22) նախապատրաստական աշխատանքներին:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնք, կողմերի համոզմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Սարգսյանն ու Տուսկն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

ԵԺԿ գագաթաժողովի շրջանակում Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են հայ-գերմանական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: