Արցախում վիրավորված զինվորներից երկուսին տեղափոխում են Երևան

soldier-line-of-contact-3Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսին Ստեփանակերտից տեղափոխում են Երևան: Այս մասին News.am-ին ասել է Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Նրանց վիճակը կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, մյուսի մոտ վերին վերջույթի անդամահատում է»,- ասել է նա:

Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել է երեք զոհ, չորս վիրավոր:

Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել: ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է, որ հետապնդելով փախչող հակառակորդին` ԼՂՀ ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մարտի 19-ին պատասխանելով Bloomberg-ի լրագրողի հարցին, ասել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չի տեսնում: