Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Մայր տաճարում մարտի 19-ին Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս, Արգենտինայի հոգևոր առաջնորդ, կարդինալ Մարիո Աուրելիո Պոլիի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ պատարագ 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, պատարագին ներկա են եղել պաշտոնյաներ Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարություններից, Բուենոս Այրեսի քաղաքապետարանից: Ներկա է եղել նաև Արգենտինայում հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիները ներկայացնող ողջ հոգևոր դասը, Արգենտինայում հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կրոնական և ազգային փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:
Պատարագի ընթացքում կատարվել է էկումենիկ աղոթք՝ Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանի, Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի մասնակցությամբ:
Պատարագի ավարտին իր խոսքում Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել արքեպիսկոպոս Մարիո Աուրելիո Պոլիին կատարված աղոթքի, ինչպես նաև այդ ծանր վիշտը հայ ժողովրդի հետ միասնաբար կիսելու համար, ինչի ապացույցն է նաև ներկայիս Հռոմի Ֆրանցիսկոս պապ, այն ժամանակ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Բերգոլիոյի առաջնորդության տարիներին Բուենոս Այրեսի մայր տաճարում տեղադրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հայկական խաչքարը: