Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում հայտարարել է, որ ժամանակն է խոսել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև արժութային միություն ձևավորելու մասին, հաղորդում է BBC-ն:
Մարտի 20-ին Աստանայում կայացել է Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևի, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:
«Կարծում ենք` ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- հանդիպումից հետո ասուլիսին հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել են նաև եվրասիական ինտեգրման հարցեր:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ առևտրի և տնտեսական փոխգործակցության խորացումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության միտումներն ու Ուկրաինայում իրադրությունը:
Պուտինը նշել է, որ «աշխատելով ուս ուսի` ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսական, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել համատեղ շուկան»:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հայտարարել է, որ երեք երկրների տնտեսությունների զարգացումն ընթացիկ տարում պահանջում է փոխգործակցության մանրամասն քննարկում ու ծագող հարցերի լուծում, և նշել է, որ անհրաժեշտ է մշակել երեք երկրների տնտեսություններում ճգնաժամային երևույթների հաղթահարման համատեղ ծրագիր:
Նազարբաևը նաև կարևորել է ակտիվ և պարբերական հանդիպումները` «ժամերի համապատասխանեցման» և հեռանկարային ուղղությունների քննարկման նպատակով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն տեղեկացրել է, որ երեք երկրների նախագահները կրկին հանդիպելու են մայիսի 8-ին Մոսկվայում` առավել մանրամասն քննարկելու այն հարցերը, որոնք շոշափվել են այսօրվա հանդիպմանը:
***
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել մարտի 12-13-ը, սակայն հետաձգվել էր «երեք պետությունների ղեկավարների խիտ ժամանակացույցի պատճառով»: Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի էր, որ հանդիպմանը տարբեր հարցերի թվում նախատեսվում է քննարկվել նաև եվրասիական ինտեգրման հարցերը: Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի նախագահը հանդիպմանը չէր հրավիրվել: