Մեր զինվորները իրենց խնդիրը փայլուն են կատարել. ՊՆ խոսնակ

artzrun-artsrun-hovhannisyan-1«Այն, որ ադրբեջանական կողմը փորձելու է հերքել, մեզ չի զարմացնում, քսան տարուց ավելի է՝ նույն գործելաոճն է»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մարտի 19-ի ադրբեջանական կողմի դիվերիսոն հարձակումը և պաշտոնական Բաքվի՝ հարձակման փաստը հերքելու մոտեցումը:

Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը «ադրբեջանական կողմի ջղաձիգ գործողությունները լիովին վերահսկում է»:

«Ցուցադրված զինատեսակը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները էլի են թողել մեզ մոտ: Հերքելուց առաջ նրանց խորհուրդ կտանք հիշել այն տեսանյութերը, որտեղ իրենց նախարարն ու հրամանատարությունը դրանցով հիանում էին ցուցադրությունների ժամանակ: Իհարկե, նրանք կհերքեն նաև զոհերի մասին տեղեկությունները, ինչի համար մենք կրկին ափսոսում ենք, քանի որ իրենց բնակչությանն այդպես անարգում են: Իհարկե, նրանց համար ավելի հեշտ է թաքցնել հատուկ ստորաբաժանումների կորուստները, սակայն դա հնարավոր չէ կատարել միշտ: Մեր զինվորները, ինչպես միշտ, իրենց խնդիրը փայլուն են կատարել, անգամ ցուցաբերել են անօրինակ քաջություններ, ծանր վիրավոր՝ շարունակելով մարտը և փախուստի մատնելով հակառակորդին: Սա հայ զինվորի մշտական գործելոճն է ու մշտական հաղթանակը արդեն երկու տասնամյակից էլ ավելի»,- ասաց Հովհաննիսյանը:

Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել է երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ չի տեսնում:

«Հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող նմանատիպ գործողությունները ռազմական առումով անմիտ են, որոնց, ավանդույթի համաձայն, հետևում է իրական կորուստների վերաբերյալ ապատեղեկատվությունը»,- ասել էր նախարարը:

Ավելի ուշ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հակառակորդի՝  մարտադաշտում  թողած տարբեր տեսակի զենք ու զինամթերքի և իրերի լուսանկարներ է հրապարակել: