Իթթիհադական ոճրագործների վերջը

Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտ թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, ապրիլ, 1915։ Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտ թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, ապրիլ, 1915։

Երիտթուրք ոճրագործների դատավարության երկրորդ շարքը ավարտվել է Անկարայում 1926 թ. օգոստոսի 26-ին, և նույն օրը երեկոյան չորս շատ հայտնի իթթիհադականներ, որոնք նույնպես մեղադրվում էին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար, կախաղան բարձրացվեցին: Նրանցից մեկը ‎‎ֆինանսների նախարար Չավիդն էր, որի դերը Հայոց ցեղասպանության կազմակերպման հարցում, ըստ Վահագն Տատրյանի, չնչին էր, մինչդեռ «մյուս երեքը, Թալեաթից հետո գուցե, ամենամոլեգին դերակատարներն էին»:

Դոկտոր Նազըմը հայերի զանգվածային բնաջնջման գաղափարը մտահղացողներից էր, մեծ ազդեցություն է ունեցել Թալեաթի վրա: Կախաղանին մոտենալիս ցնցվել ու դողացել է, բողոքել կատարվածի դեմ ու ասել, որ ինքն անմեղ է:

Ենիբահչելի Նայիլը Տրապիզոնի նահանգում եղել է Իթթիհադի պատասխանատու քարտուղարը: Նա Ջեմալ Ազմիի հետ նահանգի հայ բնակչությանը ենթարկել է բնաջնջման անենադաժան ձևերով, ոչ ոքի չի խնայել: Կախաղան բարձրանալիս որդուն խնդրել է հոգ տանել մոր և մյուս երեխաների մասին:

Ֆիլիփելի Հիլմին եղել է Իթթիհադի պատվիրակը Էրզրումում, Բեհաեդդին Շաքիրի աջ ձեռքը և Հատուկ կազմակերպության տարածաշրջանային ուժերի ընդհանուր հրամանատարը: Նրա վերահսկողությամբ են իրականացվել Էրզրումի նահանգի հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Հիլմին երկու անգամ է կախաղան բարձրացվել, քանի որ առաջին անգամ պարանը կտրվել է:

Տատրյանի ուսումնասիրությունների համաձայն, հայկական ջարդերի մի քանի տեղական կազմակերպիչների մահվան են դատապարտել իթթիհադականները: Կոտորածներին իրենց վճռորոշ մասնակցությամբ նրանք հաճախ հպարտացել են պոռոտախոսություններով:

Չերքեզ Ահմեդը եղել է Վանի կառավարիչ Ջևդեթի գլխավոր օգնականը նահանգի հայ բնակչությանը բնաջնջելու հարցում: Հետագայում աշխատել է Դիարբեքիրի կառավարիչ դոկտոր Ռեշիդի ձեռքի տակ և իրագործել օսմանյան խորհրդարանի երկու հայ պատգամավորներ Վարդգեսի և Զոհրապի սպանությունը: Նրան մեղադրել են սպանության և թալանի մեջ: Զինվորական ատյանը մեղավոր է ճանաչել և մահվան դատապարտել. նա կախաղան է հանվել իր մեղսակից ընկերոջ` Հալիլի հետ 1915թ. սեպտեմբերին Դամասկոսում` Ջեմալ փաշայի կողմից: Թալեաթը նրա մահապատժի հրամանն ստորագրելիս ասել է. «Բոլոր պարագաներում նրա ոչնչացումն անհրաժեշտ է: Այլապես նա խիստ վտանգավոր կարող է դառնալ հետագայում»:

Յակուբ Ջեմիլը, ինչպես Չերքեզ Ահմեդը, գլխավոր դեր է կատարել կայսրության արևելյան հատվածում մեծ թվով հայերի բնաջնջման գործում: Էնվերի և Թալեաթի հետ գժտվելով, նա սկսել է սպառնալ նրանց: Մահապատժի է ենթարկվել 1916թ. սեպտեմբերին:

Քուրդ ելուզակների առաջնորդ Ամերոն Դիարբեքիրի կառավարիչ, դոկտոր Ռեշիդի հրամանով տեղի հայ համայնքի 636 ականավոր դեմքերի խեղումն ու սպանությունն իրագործելուց հետո, չերքեզ ելուզակների կողմից սպանվել է նույն կառավարչի և Դիարբեքիրից պատգամավոր Ֆեյզիի (երկուսն էլ զանգվածային սպանությունների գլխավոր կազմակերպիչներ) հրամաններով: Քուրդ Մուրզա բեյը հպարտացել է Էրզրումի նահանգում 70 հազար հայեր սպանելով: Իր պոռոտախոսության համար էլ վտանգավոր համարվելով, սպանվել է իր ղեկավարի հրամանով:

Հատուկ կազմակերպության երեք հայտնի ղեկավարներ, որոնց մասին հայերի նկատմամբ ունեցած գազանային և արյունարբու վերաբերմունքի համար լեգենդներ են հյուսվել, սպանել են քեմալականները:

Յահյա Քափթանը եղել է Տրապիզոնում զանգվածային խեղդման գործողությունների պատասխանատուն. հազարավոր երեխաներ, կանայք և ծերունիներ փոխադրվել են բաց ծով և թափվել ջուրը` սվինահարվելուց հետո: Քափթանը հետագայում միացել է քեմալականներին` չխզելով Էնվերի հետ կապերը: Նրա հավատարմությունը ստուգելու պատրվակով անցկացված հարցաքննությունների ժամանակ Քափթանը սպառնացել է չափազանցված ճնշումների դեպքում բացահայտել իրեն հայտնի պետական գաղտնիքները: Անծանոթ մարդասպանները նրան դարանակալել են և սպանել Տրապիզոնում 1922թ. հուլիսին:

Թոփալ Օսմանը գործել է արևելյան սահմանային շրջաններում որպես Հատուկ կազմակերպության ելուզակ` չեթե: Հաճախ է գլուխ գովել հայերին սպանելու իր առաքելության մասին: Պատերազմից հետո միացել է քեմալականներին և կազմակերպել Տրապիզոնի հույն և հայ բնակչության լայնածավալ կոտորածները: Մուստաֆա Քեմալը բարձրացրել է նրա պաշտոնը և նշանակել իր անձնական պահակախմբի ղեկավար: Հետագայում, սակայն, Անկարայի խորհրդարանի քեմալական պատգամավորների զայրույթն է առաջացրել, երբ վրեժխնդրությունից դրդված խեղդամահ է արել իր տուն հրավիրած պատգամավորներից մեկին: Սպանվել է իրեն ձերբակալելու եկած զինվորական տարբեր խմբավորումների փոխհրաձգության ժամանակ: 1923-ի մարտին նրա դիակը կախել են խորհրդարանի շենքի առաջ:

Հատուկ կազմակերպության սպա Դելի Հալիթը մասնակցել է արևելյան նահանգների հայ բնակչության սպանություններին: Եղել է մոլեռանդ իթթիհադական, ապա դարձել է մոլեռանդ քեմալական, երբ հետպատերազմյան թուրքական զինվորական դատարանը սկսել է հետապնդել նրան որպես կոտորածների մասնակցի: Եղել է կռվարար և հանդուգն: Այլ քեմալական ղեկավարների և պատգամավորների հետ ունեցած հաճախակի վեճերից մեկի ժամանակ սպանվել է թուրքական խորհրդարանի նախասրահում 1925թ. փետրվարին:

Մի շարք իթթիհադական ղեկավարներ ինքնասպանություն են գործել: Դիարբեքիրի նահանգի կառավարիչ դոկտոր Ռեշիդը եղել է ամենադաժան կառավարիչներից, ով մեծ ոգևորությամբ է իրագործել Դիարբեքիրի և այլ շրջաններից եկած հայերին բնաջնջելու իթթիհադականների դժոխային ծրագիրը: Ձերբակալումից, բանտից փախուստից և վերակալանավորվելուց հետո 1919թ. հունվարին ինքնասպանություն է գործել:

Իթթիհադի անխոնջ մարտիկներից զորավար Մահմուդ Քյամիլը 1915-1916 թթ. եղել է 3-րդ բանակի հրամանատարը, նրա հրամանատարության տարածաշրջանն ընդգրկում էր հայկական վեց նահանգները և Տրապիզոնի նահանգը, որի հայ բնակչության բնաջնջումը վստահված էր նրան: Հատուկ հրահանգներ է տվել` մանուկներին, ծերերին և հղի կանանց չխնայելու վերաբերյալ: Նաև սպառնացել է կախել այն մահմեդականներին, ովքեր կհամարձակվեն ապաստան տալ հայերին: Ինքնասպանություն է գործել 1922թ. նոյեմբերին:

Իթթիհադի ղեկավարներից Քարա Քեմալը եղել է Թալեաթի մտերիմը: Կուսակցության բոլոր գաղտնի ծրագրերը և որոշումները գտնվել են նրա տրամադրության տակ: 1926թ. դատարանը նրան մեղավոր է ճանաչվել Մուստաֆա Քեմալին սպանելու դավադրության մեջ: Նրան հաջողվել է փախչել: Կալանավորվել է հավաբնում և 1926թ. հուլիսին ինքնասպանություն գործել:

Հայ ժողովրդի դահիճներից մի քանիսը դժբախտ պատահարներով են մահացել: «Իսլամի բանակի» հրամանատար, ռազմական նախարար Էնվերի եղբայրը` Նուրի փաշան, ով 1918թ. սեպտեմբերին Բաքվի հայերի կոտորածների հիմնական կազմակերպիչն էր, պատերազմից հետո դառնում է գործարար և արդյունաբերող, Ստամբուլում զենքի և զինամթերքի գործարան է հիմնում: 1949թ. մարտին գործարանն ուժեղ պայթյունի հետևանքով փուլ է գալիս, Նուրին մնում է փլատակների տակ:

Երզնկայի շրջանի, հետագայում Բիթլիսի, Բաղդադի և Մոսուլի նահանգների կառավարիչ Մեհմեդ Մեմդուհը եղել է Երզնկայի շրջանի կոտորածների գլխավոր կազմակերպիչը: Մեծ հարստություն է դիզել հայ զոհերի հաշվին: Մահացել է ավտովթարից:

Մոլեռանդ իթթիհադական և հայերի ոխերիմ թշնամի, Մալաթիայից խորհրդարանի պատգամավոր Հաշիմ բեյը հովանավորել է որդու` Մուհամեդի գործողությունները: Վերջինս կոտորել է տվել Մալաթիայի հայ բնակչության զգալի մասին: Գողացված ձիու պատճառով ծերունի մի քրդի հետ կռվի բռնվելով` Մուհամեդը սպանվում է այդ քրդի որդու ձեռքով: Լուրն ստանալով` Հաշիմ բեյը կաթված է ստանում և երկար տառապելուց հետո՝ մահանում 1917թ.:

Մալաթիայի մուֆթին ղեկավարել է Մալաթիայի հայ կաթոլիկ առաջնորդի խեղդամահությունը, երբ վերջինս մերժել է ընդունել մահմեդականություն: Խեղդամահ անելուց առաջ կաթոլիկ առաջնորդին մարմնական անասելի տառապանքներ են պատճառել: Տուն վերադառնալուց անմիջապես հետո մուֆթին սրտի կաթված է ստանում և տեղում մահանում:

Մեկնաբանել