Երբ պատմությունը թարս է աճում

rus13673262362«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում Սերժ Սարգսյանը անհանգստություն հայտնեց այն իրողության առիթով, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառում Ադրբեջանին:

“Ռուսաստանը, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը և սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տևական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, և այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»,- ասաց Սարգսյանը:

Այս խոսքերից մեկ օր անց Արցախ-Ադրբեջան սահմանի հյուսիսային՝ Գյուլիստանի հատվածում, ադրբեջանական զինուժը դիմեց նոր սադրանքների, որի հետևանքով սպանվեցին երեք հայ զինծառայողներ, չորսը՝ ծանր վիրավորվեցին: Ադրբեջանական կողմը ևս տվեց զոհեր և վիրավորներ, ըստ հայկական կողմի՝ ավելի քան տասը սպանված: Հայկական մամուլում եղան հրապարակումներ, համաձայն որոնց, իբր Ռուսաստանն էր կանգնած այս սադրանքի հետևում և Մոսկվայի ցուցումով է ադրբեջանական կողմը գնացել հերթական հարձակմանը և դա պատասխան էր Սերժ Սարգսյանի՝ ռուսական կողմի հանդեպ արված կոշտ հայտարարության, որ “մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից”:

Մենք չունենք որևէ ապացույց, որ ռուսական կողմի հրահրումով են ադրբեջանցիները գնացել վերջին սադրանքներին: Ավելին, Ադրբեջանը 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր հարյուրավոր անգամ դիմել է նմանօրինակ սադրանքների: Մյուս կողմից, անշուշտ, Սարգսյանի՝ ռուսների հասցեին կոշտ հայտարարության և հաջորդ իսկ օրը կատարված սադրանքի համընկնումը ուշագրավ է: Ավելին, ադրբեջանական կողմի հարձակումը տեղի ունեցավ Գյուլիստանում, անուն, որը խորհրդանշական է հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ: 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով էր, որ Անդրկովկասյան մի քանի շրջաններ, այդ թվում՝ Արցախը, Պարսկաստանի տիրապետությունից անցավ Ռոմանովների Ռուսաստանին:

Սարգսյանի հայտարարության մեջ մեզ հետաքրքրում է այն բացատրությունը, թե 250 տարվա ընթացքում հայերը և ռուսները իրար վրա չեն կրակել: Արդյոք այս պնդումը համապատասխանում է՞ իրականությունը: Երբ Սերժ Սարգսյանը նշում է 250 տարին, հավանաբար նկատի ունի 1830-ականներից հետո ընկած ժամանակահատվածը, երբ ռուսները պարսիկներից գրավեցին Արևելյան Հայաստանը և ստեղծեցին Հայկական մարզը: Այն ունեցավ ընդամենը մեկ տասնյակ տարվա կյանք, և միայն 1918-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Հիմա տեսնենք, թե ինչպիսի հանգրվանային իրադարձություններ են գրանցվել հայ-ռուսական հարաբերություններում և ինչպիսի քաղաքականություն է վարել հայության հանդեպ Ռուսաստանը:

Հայկական մարզը վերացնելուց հետո ռուսներ նոր վարչական բաժանում կատարեցին: Պատմական Հայաստանի հողերը՝ հայկական հոծ բնակչությամբ՝ Ուտիք, Արցախ, Սյունիք, Լոռի, Ջավախք, Ռուսաստանը թողեց Ելիզավետպոլի (Գանձակ) և Թիֆլիսի նահանգներում, և նման վարչական բաժանման պատճառով հայկական հողերը դուրս մնացին Հայաստանի Հանրապետության կազմից կամ պատճառ դարձան, որպեսզի 1918-1920 թթ. Հայաստանը պատերազմի մեջ մտնի Վրաստանի և Ադրբեջանի հետ:

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ցարի հրամանով փակվեցին հայկական դպրոցները և բռնագրավվեց հայ եկեղեցու ունեցվածքը: Հենց ցարական կառավարությունն էր զինում Կովկասի թաթարներին՝ այսօրվա ադրբեջանցիներին, որի արդյունքում տեղի ունեցան հայ-թաթարական ջարդեր:

Այո, այսօր Հայաստանն ու Ռուսաստանը համարվում են ռազմավարական դաշնակիցներ, Ռուսաստանը Հայաստանի համար չափազանց կարևոր պետություն է, սակայն պատմությունը մնում է պատմություն՝ անկախ այն բանից, հաճելի է դա հիշել, թե՝ ոչ:

Արևմտահայաստանի հայությունը տեղահանվում և ոչնչացվում էր ռուսական բանակի աչքի առաջ, և այդ զորաբանակները որևէ օգնություն ցույց չտվին հայերին: Ռուսական բանակի տխուր դերակատարության պատճառով էր նաև, որ 1915 թվականի ապրիլ-մայիսին վերացվեց Վանի հայկական պետությունը, որը ղեկավարում էր Արամ Մանուկյանը: 1917 թվականին ռուսական զորքերը ետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից: Իսկ երբ թուրքերը վերջնականապես գրավեցին հայկական հողերը, արդեն բոլշևիկյան Ռուսաստանը կեղծ հայտարարություն արեց Արևմտահայաստանի ինքնորոշման մասին:

1919-1920 թթ. հենց բոլշևիկյան Ռուսաստանն էր, որ մեծ քանակությամբ զենք և ոսկի տրամադրեց քեմալական Թուրքիային և այդ զենքը օգտագործվեց հույների դեմ՝ արևմուտքում, և հայերի դեմ՝ արևելքում: Ո՞վ չգիտի, որ 1920 թ. քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը գաղտնի համաձայնագիր կնքեցին և ապա հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա: Քեմալականները զավթեցին Կարսի մարզը և Սուրմալուի գավառը և կցեցին Թուրքիային, իսկ Հայաստանը բոլշևիկյան հարվածների տակ խորհրդայնացվեց և 1922-ին միացվեց Խորհրդային Միությանը:

Մենք հիշում ենք, որ հենց բոլշևիկյան բանակն էր 1920-1921 թթ. կռվում Արցախի և Զանգեզուրի դեմ: Նրանց հաջողվեց գրավել Արցախը և միացնել Խորհրդային Ադրբեջանին, իսկ Գարեգին Նժդեհի և Զանգեզուրի հերոս ժողովրդի ջանքերով հնարավոր եղավ այսօրվա Սյունիքը պահել որպես հայկական: Պարոն Սարգսյանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը այս պատմությանը վստահաբար տեղյակ են:

Մենք հիշում ենք, որ Կարսն ու Սուրմալուն Հայաստանից անջատեց և 1921թ. հոկտեմբերին պայմանագրով համարեց Թուրքիայի մասը: Նույն թվականի մարտին բոլշևիկները Շարուր- Նախիջևանը կցեցին Ադրբեջանին:

Հավանաբար Սերժ Սարգսյանը տեղյակ է, որ 1991-ին “Կոլցո” գործողությունը իրականացրել են հենց ռուսները: Այդ բարբարոսական գործողության զոհերից մեկը իմ դասընկեր Մարտիկ Գիշյանն էր՝ ֆուտբոլի մեր թիմի 11 համարը: Նրան և ևս 20 հայերի ռուսները դավադրաբար սպանեցին Ոսկեպարում:

Այնպես որ, ռուսները մեր վրա հաճախ են կրակել, երբեմն մենք էլ ենք կրակել:

Սա պատմություն է՝ մե՛ր պատմությունն է, և մենք պետք է հիշենք այն:

Մեկնաբանել