Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում

g_image.phpԼիբանանի «Notre Dame» համալսարանի ղեկավարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ ջանքերով մարտի 20-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացել է համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում են արտագործնախարարության մամուլի ծառայությունից, համաժողովին, որն ուղիղ եթերով հեռարձակվում էր լիբանանյան «OTV» հեռուստաալիքով, ներկա էին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, կրոնական առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում համալսարանի դոկտոր Նատա Սաատ Սապերը նշել է, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ու չնայած պատմական անժխտելի փաստերին ու վկայություններին` Թուրքիան շարունակում է ուրանալ:

Համալսարանի փոխնախագահ Սուհել Մաթարն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու Հայոց ցեղասպանությանը` խոսելով Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերի մասին և հիշատակելով երիտթուրքերի, ապա Աթաթուրքի վարած քաղաքականությունը: Դոկտոր Մաթարը ելույթը եզրափակել  է հետևյալ խոսքերով. «100-րդ տարելիցը թող նոր դուռ բացի հայ ազգի համար՝ դեպի խաղաղություն և արդարություն»:

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում ներկայացրել է մանրամասներ մեծ պատմական արժեք ներկայացնող հայկական խաչքարերի պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների հանդեպ Օսմանյան կայսրությունում և Ադրբեջանի տարածքում իրականացված մշակութային ցեղասպանության փաստերի վերաբերյալ:

Պաշտոնական ելույթներից հետո միջոցառման մասնակիցները համալսարանի բակում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրման արարողությանը:

Բարերար, խաչքարի տեղադրման նախաձեռնող Սարգիս Բուդաքյանը, շեշտել է, որ հայրենիքի նկատմամբ սերն ու հավատարմությունն է, որ համախմբել է ձեռնարկի բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ խաչքարը երախտագիտության հավաստիք է հայերի կողմից Լիբանանի ժողովուրդի նկատմամբ, որը գրկաբաց ընդունել և ձեռք է մեկնել գաղթական հայորդիներին: