Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հաղորդում են ՀՀ Քննչական կամիտեի մամուլի ծառայությունից:
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով` դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից։
Կատարվում է նախաքննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով դեպքին, գրել էր, որ Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ` հավելելով. «Կարծում ենք` ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ` մինչև ատամները զինված, հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»: