Կարմիր խաչը տեղեկացվել է Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

red-crossԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) տեղեկացվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի` հակառակորդի կաղմում հայտնվելու դեպքի մասին: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

«Ներկա պահին ԿԽՄԿ-ն, համաձայն իր մանդատի, հետևում է իրադարձություններին` կապի մեջ լինելով պատասխանատու իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- նշեց Զառա Ամատունին` հավելելով, որ այլ մանրամասների այս պահին չի տիրապետում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով դեպքին, գրել էր, որ Գրիգորյանի արարքը մեկնաբանելու չէ` հավելելով. «Կարծում ենք` ադրբեջանցիները շուտով կմեկնաբանեն, որ նա միայնակ` մինչև ատամները զինված, հարձակվել էր Ադրբեջանի վրա, և նրանց ասկյարները մի կերպ են չեզոքացրել հայ ռեմբոյին»:

Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով` դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից։

Մեկնաբանել