ԱՄՆ Տեխաս նահանգը ներկայացնող սենատոր Թեդ Կրուզը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, գրել է New York Times պարբերականը:
«Ես կառաջադրվեմ նախագահի պաշտոնում և ձեր աջակցությունն ստանալու հույս ունեմ»,- գրել է նա:
I’m running for President and I hope to earn your support! pic.twitter.com/0UTqaIoytP
— Ted Cruz (@tedcruz) March 23, 2015
Կրուզը Տեխասից՝ լատինամերիկյան ծագումով առաջին սենատորն է: ԱՄՆ խորհրդարանի վերին պալատում նահանգը սկսել է ներկայացնել 2013թ. հունվարից: Նա հայտնի է առողջապահության ոլորտում Բարաք Օբամայի նախաձեռնած բարեփոխումների կտրուկ քննադատությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ-ում նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրության մասին հայտարարել էր երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայր Ջեբը: Նա ասել է, որ ակտիվորեն դիտարկում է ընտրություններին մասնակցելու հնարավորությունը: Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև միլիարդատեր Դոնալդ Տրամպը:
Նախատեսվում է, որ ապրիլին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաև Հիլարի Քլինթոնը, որը 2008թ. դեմոկրատների առաջնորդներից էր, սակայն փրայմերիզներում պարտվեց Օբամային և զբաղեցրեց պետքարտուղարի պաշտոնը:
ԱՄՆ-ի նախագահական 58-րդ ընտրությունները նախատեսված են 2016թ. նոյեմբերի 8-ին: