ՊՆ խոսնակը չի մեկնաբանում Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել մարտի 22-ին իր կողմում հայտնված Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Գրիգորյանը հարցաքննության ընթացքում ասել է, որ հակառակորդի կողմն անցնելու պատճառն անիմաստ մահվան վախն է եղել: Նա ասել է նաև, որ միայնակ չի մտադիր եղել հատել սահմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև Անդրանիկ Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութեր են տարածել, որոնցից մեկում երևում է, թե Գրիգորյանն ինչպես է անցնում սահմանը, իսկ մյուսում հատվածներ են նրա հարցաքննությունից:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում չմեկնաբանեց տեսանյութերի հրապարակումը: Հարցին, թե Գրիգորյանը, ըստ ադրբեջանական կողմի, նշել է, որ միայնակ չի մտադիր եղել հատել սահմանը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ այժմ քննություն է տարվում, հարցով զբաղվում են համապատասխան մարմինները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ տեղյակ են տեսանյութերի մասին, սակայն ևս հրաժարվեց մեկնաբանել դրանք: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սովորաբար որևէ հրապարակումներ, անգամ իշխանությունների հայտարարությունները չի մեկնաբանում: Մենք աշխատում ենք սովորաբար ցանկացած ինֆորմացիա, ցանկացած իրավիճակ, ցանկացած նկատառում դիտել կոնֆիդենցիալ երկխոսության կարգավիճակում, քննարկել համապատասխան իշխանությունների հետ»,- ասաց Զառա Ամատունին:

Ի պատասխան հարցին, թե ինչ կարգավիճակով է Անդրանիկ Գրիգորյանն այժմ Ադրբեջանում, նա ասաց, որ այս պահին այդ կապակցությամբ ևս չի կարող մեկնաբանություն անել, քանի որ ներկայում ԿԽՄԿ-ն երկխոսություն է իրականացնում համապատասխան իշխանությունների հետ: «Մենք տեղեկացվել ենք միջադեպի մասին, և այս պահին միայն երկխոսության շրջանակում փորձում ենք համապատասխան մեր մանդատի իրականացնել այն, ինչ մեզ է վերաբերում»,- նշեց Զառա Ամատունին` հավելելով, որ դրանից զատ որևէ բան ԿԽՄԿ-ն իրավասու չէ մեկնաբանել:

Արդյոք տեսանյութի հրապարակումը Ժնևյան կոնվենցիայի խախտո՞ւմ չէ դիտարկմանը Զառա Ամատունին պատասխանեց. «Մենք այդ տեսակ որակումներ հանրային հարթակում չենք տալիս»:

ՍիվիլՆեթը, չցանկանալով ադրբեջանական քարոզչության մաս կազմել, տեսանյութերը չի հրապարակում:

***

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:

Գրիգորյանի կողմից մարտական դիրքը թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով` դասալքությունը՝ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից։

Մեկնաբանել