Հայաստանում ամենաշատը մարիխուանա են օգտագործում. Պետքարտուղարություն

US Dep. Rep.ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Թմրանյութերի միջազգային վերահսկողության ռազմավարություն 2015» իր ամենամյա զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի առաջատար երկրների ջանքերին՝ ուղղված թմրանյութերի առևտրի դեմ պայքարին:

Այսպես՝ անօրինական թմրանյութեր արտադրող և/կամ տարանցող գլխավոր երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Բահամները, Բելիզը, Բոլիվիան, Բիրման, Կոլումբիան, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Էլ Սալվադորը, Գվատեմալան, Հաիթին, Հոնդուրասը, Հնդկաստանը, Յամայկան, Լաոսը, Մեքսիկան, Նիկարագուան, Պակիստանը, Պանաման, Պերուն և Վենեսուելան:

Հայաստան

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում ասված է, որ Հայաստանը թմրանյութեր արտադրող առաջատար երկիր չէ, և երկրում անօրինական թմրանյութերի սպառման մակարդակը համեստ է: Զեկույցի հեղինակները դա պայմանավորել են Հայաստանի շրջափակված լինելու և չորս սահմաններից երկուսի (Թուրքիայի և Ադրբեջանի հետ) փակ լինելու հանգամանքով:

«ԱՄՆ-ի և Եվրամիության օժանդակությամբ Հայաստանը շարունակում է զարգացնել և իրագործել սահմանային վերահսկողության ռեժիմը՝ ուժեղացնելով անօրինական թմրանյութերի տարանցման հայտնաբերման իր կարողությունները»,- գրել են զեկույցի հեղինակները և հավելել, որ ԱՄՆ-ի աջակցությամբ անցկացված վարժանքների և սարքավորումների օգնությամբ էր, որ 2014թ. հայ-իրանական սահմանին հնարավոր էր դարձել 927 կգ հերոինի պատմական հայտնաբերումը: Դա, ըստ Պետքարտուղարության, վկայում է, որ տարածաշրջանը դարձել է հերոինի տարանցման կենսական ճանապարհ:

«Թմրանյութերի ավելի փոքր քանակություններ երկիր են մտնում օդային ճանապարհով՝ Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով: Վերջերս Հայաստանը դարձել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցի տարանցիկ ճանապարհ, որը երկիր է մտնում ցամաքային ճանապարհով Իրանից և դուրս է բերվում օդային ճանապարհով»,- ասված է փաստաթղթում:

Հայաստանում ամենաշատ օգտագործվող անօրինական թմրամիջոցը, ըստ Պետքարտուղարության, մարիխուանան է, որի մեծ մասն աճեցվում է երկրի ներսում:

Ադրբեջան

Ադրբեջանը շարունակում է մնալ տարանցիկ երկիր անօրինական թմրանյութերի համար՝ պայմանավորված թմրանյութերի տարանցման հիմնական ուղիներում իր դիրքով՝ Աֆղանստանից և Իրանից դեպի Եվրոպա ու Ռուսաստան:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ Ադրբեջանով տարեկան տարանցվում է 5,8-7 տոննա թմրանյութ՝ հիմնականում Իրանի հետ իր հարավային սահմանով: 2014թ. հուլիսին Վրաստանում Ադրբեջանից տարանցված 2,7 տոննա հեղուկացված հերոին է առգրավվել: Այն պարունակում էր 650 կգ մաքուր հերոին, որի արժեքը եվրոպական շուկայում կազմում էր 25-40 մլն դոլար:

Ադրբեջանը թմրանյութերի տարանացման համար նախընտրելի երկիր է իր հարևան երկրների համար, հատկապես Թուրքիայի, որը վերջին տարիներին ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը:

2014թ. առաջին կեսին Ադրբեջանում թմրանյութերի առգրավման և ձերբակալման վիճակագրությունը մոտ է 2013-ի միտումներին: Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ 2014-ի առաջին տասը ամիսներին նախարարությունն առգրավել է շուրջ 700 կգ անօրինական թմրանյութ: Նշված ժամանակահատվածում հարուցվել է 1773 քրեական գործ՝ կապված թմրանյութերի հետ, որից 499-ը՝ թմրանյութերի անօրինական վաճառքի:

Վրաստան

Վրաստանը այլ երկրներում արտադրված անօրինական թմրանյութերի համար տարանցման և թիրախային երկիր է: Թմրանյութերի տարանցման ամենանշանակալի ուղին սկսվում է Աֆղանստանից և Իրանից, անցնում Ադրբեջանով կամ Հայաստանով դեպի Վրաստան, այնուհետև դեպի Արևմտյան Եվրոպա, Թուրքիա կամ Ռուսաստան: Վրաստանում 2014-ի հուլիսին առգրավված 2,7 տ հեղուկացված հերիոնը երկրի պատմության մեջ ամենամեծ ծավալի թմրանյութերի առգրավումն էր:

Վրաստանում ձեռնարկված մի շարք օրենսդրական և գործնական քայլերի արդյունքում տնային պայմաններում պատրաստված թմրանյութի օգտագործումը, ինչպես նաև հոգեմետ նյութերի ներկրումը 2013-ից ի վեր նվազել է 90%-ով:

Հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Վրաստանում 4,5 մլն բնակչությունից 45 հազարը ներարկվող թմրանյութ օգտագործող է: