ԵՏՄ-ից ներկրված ավտոմեքենաների բոլոր ձևակերպումները մեկ վայրում

Lada_Niva_0012015թ. հունվարից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ:

Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախաձեռնությամբ՝ քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն հնարավորություն ունեն մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը:

«Վերացել է հարկային տեսչություններ այցելելու պահանջը, փոխարենը`ավտոմաքսատանը ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ, քաղաքացին այժմ ավելացված արժեքի հակը վճարում է ավտոմաքսատանը, որտեղ նրան սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները»,- ասել է Ղազարյանը:

Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ: Քաղաքացին նույն վայրում ոչ միայն կատարում է իր հարկային պարտավորությունները, այլև անցնում է փորձագիտական կենտրոնի զննությունը, ստանում Ինտերպոլի համապատասխան փաստաթուղթը և հաշվառման կանգնում ոստիկանությունում:

Մաքսատանը ներկայում օրական ձևակերպվում է ԵՏՄ-ից ներկրված 35-40 ավտոմեքենա: Մինչև 2015թ. ՌԴ-ից ամսական ընդամենը 100-200 ավտոմեքենա էր ներկրվում:

Նախորդ տարիների համեմատ աճ է արձանագրվել նաև Հայաստանից ԵՏՄ երկրներ ավտոմեքենաների արտահանման մասով. եթե նախկինում տարեկան կտրվածքով արտահանվել է առավելագույնը 250-300 ավտոմեքենա, ապա 2015-ի հունվարից մինչ այսօր` արդեն իսկ 450:

ԵՏՄ-ն գործում է 2015թ. հունվարի 1-ից, Հայաստանը ԵՏՄ-ին պաշտոնապես միացել է հունվարի 2-ից:

Մեկնաբանել