Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած Պաշտպանության բանակի զինծառայողի մասին համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: :
Ըստ ԼՂՀ ՊՆ-ի՝ զինծառայողի՝ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը:
«Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն, ինչպես կանոն, իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
***
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանը մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, զենք-զինամթերքը թողնելով մարտական դիրքում, անցել էր առաջնային գիծը և հայտնվել հակառակորդի կողմում:
Մարտի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Անդրանիկ Գրիգորյանի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Գրիգորյանը հարցաքննության ընթացքում ասել է, որ հակառակորդի կողմն անցնելու պատճառն անիմաստ մահվան վախն է եղել: Նա ասել է նաև, որ միայնակ չի մտադիր եղել հատել սահմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութեր էին տարածել, որոնցից մեկում երևում է, թե Գրիգորյանն ինչպես է անցնում սահմանը, իսկ մյուսում հատվածներ են նրա հարցաքննությունից:
ՍիվիլՆեթը, չցանկանալով ադրբեջանական քարոզչության մաս կազմել, տեսանյութերը չէր հրապարակել: