Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

yHzpOL3GaUgvUJ8E13cFed3FQQՄարտի 23-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը:

Ինչպես հաղորդում պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հավաքն ուղղված է ռազմավարության և օպերատիվ արվեստի բնագավառներում օպերատիվ շտաբների սպաների գիտելիքների և ունակությունների բարձրացմանն ու կատարելագործմանը: Հավաքին ներգրավված էին ՊՆ, ԶՈւ և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ, ինչպես նաև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ և ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ: Օպերատիվ հավաքի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի, ծավալվող իրադարձությունների ու գործողությունների, խաղաղարար առաքելությունների և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վերլուծությամբ: Դասախոսություններով ու ելույթներով հանդես են եկել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Դասախոսությունների միջոցով ներկայացվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակի ու զարգացումների, միջազգային համագործակցության, արտաքին քաղաքականության, զինված ուժերի պատրաստության, պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների ու բարեփոխումների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների համառոտ նկարագիրը: Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը կշարունակվի մինչև մարտի 26-ը:

Մեկնաբանել