Բանաձև ԱՄՆ Կոնգրեսում՝ Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու կոչով

Congress HoRԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 23-ին ընդունել է բանաձև, որով նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարել, հաղորդում է BBC-ն:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 348 օրենսդիր, դեմ՝ 48:

Կոնգրեսական Էլիոթ Էնգելը հայտարարել է, որ պետք է դադարել Ուկրաինայում իրավիճակը դիտարկել որպես «ինչ-որ հեռավոր հակամարտություն»:

«Ներկայացուցիչների պալատը մեծ աջակցություն է հայտնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման նպատակով ռազմական օգնության առաքմանը: Առանց վարչակազմի գործողությունների ռուսական ագրեսիան կմնա անպատասխան»,- ասված է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Ջոն Բեյների հայտարարության մեջ:

***

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ դիտարկում է Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարման հնարավորությունը, սակայն դեռ սպասում է հաստատված զինադադարի արդյունքներին: 2015թ. փետրվարին ԱՄՆ Կոնգրեսը պատրաստել էր օրինագիծ՝ Ուկրաինային մեկ մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Մոսկվան պարբերաբար հերքում է Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությանն իր մասնակցությունը: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման պլանները ուղղված են Դոնբասում հրադադար հաստատելու շուրջ մինսկյան համաձայնությունների խաթարմանը: