Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մարսելում

g_image.phpՄարսելի պատմության թանգարանում մարտի 19-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է «100 աքսորի դիմանկար. հայ փախստականների ինքնության բացահայտումը» ցուցահանդեսը` Մարսելի Հայկական հիշողության հետազոտման և արխիվացման՝ A.R.A.M կազմակերպության և Մարսելի քաղաքապետարանի համագործակցությամբ:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենը, Մարսելում Հայաստանի հյուպատոս Սամվել Լալայանը, պատմության թանգարանի տնօրեն Լորան Վեդրինը, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ցուցահանդեսում ներկայացված են Մարսել ժամանած Ցեղասպանությունից փրկվածների լուսանկարներ, մեծ թվով անձնագրերի, ծննդյան, ամուսնության, փախստականի, Ֆրանսիայի հարավի հայկական պատրիարքարանի կողմից տրված մկրտության վկայականների բնօրինակներ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր այլ փաստաթղթեր:

Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն իր խոսքում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչումը մշտապես շատ կարևոր է եղել մարսելահայության համար: 2015թ. հայտարարված է Հայաստանի տարի Մարսելում, և ամբողջ տարվա ընթացքում կայանալու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող բազմաթիվ միջոցառումներ: Նա կարևորել է, որ Ֆրանսիան պետք է ընդունի օրենք, որը թույլ կտա պատժել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը:

Ֆրանսիական «France 24» հեռուստաալիքը լուսաբանել էէ ցուցահանդեսի բացումը, իսկ «La Provence» օրաթերթի հաջորդ օրվա համարում «Ցեղասպանությունից փրկված 100 դիմանկարները պատմում են հայկական աքսորի մասին» վերնագրով լայնածավալ հոդված է տպագրվել:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը: