Բրիտանացի զինվորականները Ֆոլքլենդյան կղզիների բրիտանական ռազմակայանում:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը մոտ ժամանակներում հանդես կգա Ֆոլքլենդյան կղզիներում երկրի ռազմական ներկայությունն ավելացնելու մասին հայտարարությամբ: Դա պայմանավորված է Արգենտինայի կողմից սպառնալիքի ուժեղացմամբ, գրել է Telegraph պարբերականը:
«Պաշտպանության նախարարի որոշումը արտացոլում է մեր օպերատիվ գնահատականներն ու սպառնալիքի ուժեղացումը: Մշակվել է պաշտպանական հարցերով զեկույց… Մայքլ Ֆելոնը հանդես կգա հայտարարությամբ»,- Sun պարբերականին ասել է բրիտանական կառավարության աղբյուրը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արգենտինան մեծացրել է ռազմական ծախսերը: Բացի այդ, ինչպես գրում է Telegraph-ը, արգենտինացի մի շարք նախարարներ հանդես են եկել ագրեսիվ հայտարարություններով Ֆոլքլենդյան կղզիների վերաբերյալ:
Բրիտանացի ռազմական վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ առանց ավիակիրի և Harrier կործանիչների կղզիները կարող են «մատչելի թիրախ դառնալ Արգենտինայի համար»:
***
Ֆոլքլենդյան կղզիները երկար ժամանակ է՝ վեճի առարկա են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։ Կղզիները 1833-ից համարվում են Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք, այնտեղ տեղակայված են բրիտանական ռազմակայաններ:
Արգենտինան, որը երբեք չի ճանաչել Ֆոլքլենդյան կղզիների բրիտանական պատկանելությունը, 1982թ. ապրիլի 2-ին որոշեց վիճարկել կղզիների կարգավիճակը՝ սկսելով Ֆոլքլենդյան պատերազմն ու գրավելով կղզիները և Հարավային Ջորջիա կղզին: Պատերազմը, որը տևեց 74 օր, 1982թ. հունիսի 14-ին ավարտվեց Արգենտինայի պարտությամբ։