Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մարտի 18-ին և 20-ին կազմակերպվել են «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով գիտաժողովներ: Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, գիտաժողովները կազմակերպվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից:
Մոնրեալում գիտաժողովը տեղի է ունեցել հռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն են եղել մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը: Գիտաժողովի մասնակիցների թվում են եղել Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից են եղել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցը, մասնավորապես «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն են եղել Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես են եկել ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշպան կառույցների ներկայացուցիչներ: