Փաշինյանը ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզ է ներկայացրել

IMG_8784Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզ, որը ներառում է տասը քայլ: Ճանապարհային քարտեզը ներկայացված է ստորև:

Քայլ 1. Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչև այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:

Քայլ 2. Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3. Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։

Քայլ 4. Ձևավորել ստվերային կառավարություն։

Քայլ 5. Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեքհոգանոց թիմեր։

Քայլ 6. Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։

Քայլ 7. Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։

Քայլ 8. Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամաշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։

Քայլ 9. Իրականացնել իշխանափոխություն ընտրությունների արդյունքների պաշտոնական արձանագրման և/կամ Թավշյա հեղափոխության միջոցով և ստանձնել Հայաստանի կառավարումը։

Քայլ 10. Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը։

***

«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական-հասարակական նախաձեռնությունը, որի կառավարման խորհրդի անդամ է նաև Նիկոլ Փաշինյանը, մարտի 20-ին հայտարարել էր, որ սկսում է կուսակցություն դառնալու գործընթաց: Ավելի վաղ` մարտի 2-ին, Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդիպումների շարք է կազմակերպում՝ Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելու համար:

Մեկնաբանել