Մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է նույն օրը Ֆրանսիայի հարավում կործանված՝ Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը: Agence France Presse-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ արկղը մեծապես վնասված է: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևի խոսքով՝ «սև արկղը» կփոխանցվի Հետազոտությունների և վերլուծության բյուրո, որն սկսել է ողբերգության պատճռաների ուսումնասիրություն:
Lufthansa ավիաընկերության փոխնախագահ Հայքե Բիրլենբախը, Բարսելոնայում մամուլի ասուլիսին խոսելով ողբերգության վարկածների մասին, կարծիք է հայտնել, որ օդանավի կործանման պատճառը դժբախտ պատահարն է:
«Այս պահին կարող ենք ասել, որ խոսքը գնում է դժբախտ պատահարի մասին: Դեռ չենք կարող ավելին հաղորդել: Բոլոր մյուս վարկածները չարաշահորդություն են»,- ասել է Բիրլենբախը:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն իր հերթին ասել է, որ չի բացառում ողբերգության և ոչ մի վարկած:
Ակնարկ
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից հիսուն րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ հաղորդագրությունների՝ անկումից առաջ ինքնաթիռը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը: Ինչպես հայտնում է BBC-ն, օդանավի բեկորները հայտնաբերվել են ֆրանսիական Ալպերում՝ 2000 մ բարձրության վրա:
Ֆրանսիական ժանդարմերիան հաստատել է ինքնաթիռում եղած բոլոր մարդկանց զոհվելու վերաբերյալ ենթադրությունները: Տարբեր աղբյուրների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 13 երկրի քաղաքացի, մեծ մասը՝ Գերմանիայի և Իսպանիայի, ինչպես նաև, ենթադրաբար, Ավստրալիայի, Ղազախստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Դանիայի քաղաքացիներ: